Էդուարդ Թաշճյանի պատմությունը
1880 թ., Խարբերդ
Աղբյուրը՝ armeniangenocide100
Էդուարդ Թաշճյանի պատմությունը
1880 թ., Խարբերդ
1915 թ. հունիսին Մեզիրեի բանտի 37 հայ բանտարկյալները վճռել են բանտը հրկիզել և ինքնահրկիզվել: Իրար վրա են հավաքել բանտի վերմակները, իրենց հագուստները և դրանց վրա լցնելով ճրագների նավթը՝ հրկիզել են բանտը: Բոլորը զոհվել են: 35 տարեկան Էդվարդ Թաշճյանը և բժիշկ Նահիկյանը կրակի բոցերի միջից դուրս են եկել կիսամեռ վիճակում: Ոստիկանները սվիններով պատառոտել են նրանց: 37 բանտարկյալի կիսամոխրացած դիերն աղբատար կառքով տարել և լցրել են Չոր աղբյուրի մոտ գտնվող մի փոսում:
Ծնվել է 1880 թ., Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում: Դեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել:
1914 թ., Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել:
1915 թ. ապրիլ-մայիս ամիսներին օսմանյան կառավարությունը Խարբերդում և Մեզիրեում իրականացրել է բազմաթիվ հայ մտավորականների ձերբակալություններ: Թուրք ոստիկանները նրանց շղթայակապ տարել են փողոցներով ու շուկաներով, և գազազած թուրք ամբոխը նրանց վրա քարեր է նետել, հարվածել, ծեծել:
Բոլորին արգելափակել են Մեզիրեի բանտում և կտտանքների ենթարկելով փորձել տեղեկություններ կորզել զենքեր, ռումբեր և քաղաքական գաղտնիքներ թաքցնելու մասին: Կեսգիշերին, արաբկիրցի ոստիկան Ալի օնբաշին բանտապահ Հասան էֆենդիի հետ եկել է բանտ և հրամայել, որ մեկ առ մեկ դուրս գան և Եդեսիա տեղափոխվելու պատրաստվեն:
Բժիշկ Նշան Նահիկյանը համարձակորեն առաջ գալով ասել է. «Եթե դուք մեզ իրոք Եդեսիա պիտի ուղարկեք, ավելի լավ է, որ ցերեկով ուղարկեք, որպեսզի ժողովուրդը իմանա, որ մենք Եդեսիա ենք գնում, իսկ եթե ձեր հետին դիտավորությունը մեզ սպանելն է, կրկին ցերեկով սպանեք և կախեք, որպեսզի համայն Խարբերդի ժողովուրդը ականատես լինի մեր մահին»:
Եվ չնայած ոստիկանը ժխտել է նրանց սպանելու մտադրությունը, բանտարկյալները հասկացել են, որ պատրաստվում են իրենց սպանել, ուստի հրաժարվել են կատարել գիշերով բանտից շղթայակապ դուրս գալու հրամանը: Լուրը հաղորդել են գնդապետ Ֆերիդ բեյին, որը հրամայել է բոլորին սրախողխող անել:
1915 թ. հունիսի 25-ին /հուլիսին/ օգոստոսի 4-ին (ըստ տարբեր աղբյուրների), Մեզիրեի բանտի 37 հայ բանտարկյալները վճռել են բանտը հրկիզել և ինքնահրկիզվել: Իրար վրա են հավաքել բանտի վերմակները, իրենց հագուստները և դրանց վրա լցնելով ճրագների նավթը՝ հրկիզել են բանտը: Բոլորը զոհվել են:
35 տարեկան Էդվարդ Թաշճյանը և բժիշկ Նահիկյանը կրակի բոցերի միջից դուրս են եկել կիսամեռ վիճակում: Ոստիկանները սվիններով պատառոտել են նրանց:
37 բանտարկյալի կիսամոխրացած դիերն աղբատար կառքով տարել և լցրել են Չոր աղբյուրի մոտ գտնվող մի փոսում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 147–148: