Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ադրբեջանի խորհրդարանի կին պատգամավոր Գանիրա Փաշաևան քննադատել է Թուրքիայի ԵՄ հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Ալի Հայդար Քոնջային, ով Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն էր արել՝ նշելով, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ:
Ըստ Hurriyet-ի՝ Փաշաևայի խոսքով՝ նախարարն այդ հայտարարություններով մեծ հարված է հասցրել թուրք ակադեմիկոսների արած գործին, մամուլին և, առհասարակ, Թուրքիային: Կրկնելով Թուրքիայի և Ադրբեջանի անհիմն ժխտումները Հայոց ցեղասպանության մասին՝ ադրբեջանցի պատգամավորը հայտնել է, որ թուրք և ադրբեջանցի պատմաբանները, մտավորականները, սփյուռքի կառույցները աշխատանքներ են իրականացնում 1915 թվականին տեղի ունեցածը աշխարհին «ճիշտ» ներկայացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ալի Հայդար Քոնջան Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ասել էր. «Հայտնի և պարզ է, որ տեղի ունեցածը կոտորած է եղել: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այդ հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
Նրա այս հայտարարությունից հետո մեծ աղմուկ էր բարձրացել Թուրքիայում: Նախարարը ստիպված էր եղել նոր հայտարարությամբ հանդես գալ: «Ես «ցեղասպանություն» արտահայտությունը չեմ օգտագործել: Թուրքիան իր հռչակումից առաջ կատարվածի հետ պետք է առերեսվի: Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Որտե՞ղ են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է: Ցեղասպանություն չեմ ասել, բայց դա կոտորած է»,- ասել էր նա: