կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 15:00
Առանց Կատեգորիա

Պատմափիլիսոփայական նշանակում

Պատմափիլիսոփայական նշանակում

Մեղավո՞ր է արդյոք Զարզանդ Նիկողոսյանը, որ իրեն նշանակել են Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն: Պետք է նկատել, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Զարզանդ Նիկողոսյանը կատարյալ անմեղ է: Իսկ մեղավո՞ր է արդյոք նույն Զարզանդ Նիկողոսյանը, որ ինքը կարմիր դիպլոմով ավարտել է նախ` Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, ապա Գորիսի Մանկավարժական համալսարանը: Իհարկե` ոչ: Մեղավորն այս պատմության մեջ, ինչպես Սուրիկ Խաչատրյանն է ասում` «Երեւանում է»:

Խոսքն, անշուշտ, վերջինիս` Սյունիքում խառն օրերին Երեւան եկող որդու մասին չէ/անգամ Տիգրանը մեղավոր չէ/, այլ Կրթության եւ գիտության նախարարության, անձամբ` նախարարի: Իհարկե նա չէ, որ պարոն Զարզանդին նշանակել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն, նա չէ, որ այդ մասին հուշել է այդ դպրոցի տնօրեն տիկին Մարինե Դավթյանին, ով էլ առաջարկել է պարոն Զարզանդին` զբաղեցնել դպրոցի` թափուր մնացած փոխտնօրենի պաշտոնը:

ԿԳ նախարարը մեղավոր է մեկ հարցում, այն, որ իր երեխային հանել է հանրակրթական դպրոցից եւ տարել` մասնավոր: Ինչո՞ւ եւ ի՞նչ կապ ունի կրտսեր Աշոտյանի` մասնավոր դպրոց գնալը այս պատմության հետ: Տեսեք, բոլորս էլ հասկանում ենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան, բազմաթիվ եւ բազմաբովանդակ համալսարանները, գիտահետազոտական` որպես կանոն անգործ ինստիտուտները, քոլեջները, չէին լինի, եթե դպրոց չլիներ: Հետեւաբար դպրոցը ցանկացած կրթական համակարգի հիմքն է, կարեւորագույն մասնիկը: Հիմա, երբ մենք մեր երեխաներին հանում ենք դպրոցից/դպրոցը չխառնել մասնավոր դպրոցի հետ/ կնշանակի չենք վստահում դրան, կնշանակի, որ դպրոցի տված գիտելիքները բավարար չեն, կնշանակի, որ մեր կարծիքով մեր երեխաները հանրակրթական դպրոցներում ոչինչ չեն սովորում` վատից բացի, կնաշանակի մեր դպրոցները աղետալի վիճակում են, հետեւաբար մեր կրթության հիմքերը աղետալի են, ինչն էլ, փաստորեն ընդունում է ԿԳ նախարարը, հանելով իր երեխային հանրակրթական դպրոցից:

Եւ մենք ունենում ենք այնպիսի կրթություն եւ այնպիսի գիտելիք, ինչպիսինն ունենք, ավելին, մեր համապատասխան նախարարը ցույց է տալիս, որ իրեն խորապես չի հուզում կրթության եւ գիտության հիմքի աղետալի վիճակը` «մասնավոր դպրոցի ջանը սաղ լինի»:

Ուրեմն հենց այս համատեքստում, երբ հանրակրթական դպրոցը ոչ մեկին, գրեթե ոչ մեկին, պետք չէ եւ հետաքրքիր չէ, պարոն Զարզանդ Նիկողոսյանը նշանակվում է Կապանի թիվ 6 հանրակրթական դպրոցի փոխտնօրեն: Բա ո՞վ նշանակվի, կամ ինչո՞ւ պետք է հենց նա չնշանակվի:

Շուտով այդ դպրոցի շրջանավարտներից ոմանք էլ կստանան բարձրագույն կրթություն` կարմիր դիպլոմներով, բա ո՞վ ստանա, կամ ինչո՞ւ պետք է հենց նրանք չստանան: Բայց այդ ամենը Զարզանդ Նիկողոսյանի մանկավարժական հաջողությունը չի լինի /առհասարակ պարոն Զարզանդի հետ այստեղ ոչ մի բան կապ չունի/, այլ մեր կրթության ոլորտի որակը, որտեղ այո, նշանակումները լինում են` ելնելով կրթության եւ գիտության հանդեպ պատմափիլիսոփայական ընկալումներից:

Հովիկ Աֆյան