կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 13:43
Քաղաքական

Այստեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում. Հովիկ Աբրահամյանը` ԿԳ փոխնախարարին

Այստեղ կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում. Հովիկ Աբրահամյանը` ԿԳ փոխնախարարին

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարությունը պետք է հաստատի Երևանի Ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցին 5-ից 9-րդ դասարանների ընդունելություն կատարել թույլ տալը: Առաջարկվում է 119 ավագ դպրոցին թույլատրել 2016թ. ուսումնական տարվանից կատարել ընդունելություն ֆրանսերենի խորացված ուսումնասիրություն կազմակերպելու նպատակով, նաև` կազմավորելով առավելագույնը 2 դասարան:

«Այս որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2013թ. ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն` դպրոցն իրականացնում է ֆրանսերենի խորացված ուսումնասիրության և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր: Առաջարկվում է թույլ տալ 119 դպրոցի 5-9 դասարանցիների ընդունել, որ երեխաները պատրաստ լինեն խորացված ուսումնասիրություն իրականացնելու»,- ասաց Կարինե Հարությունյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց. «Երկու դասարանը սահմանափակ է, փաստորեն: Ինչո՞ւ է սահմանափակ»:

Կարինե Հարությունյանը պատասխանեց, որ 119-րդ դպրոցը ավագ դպրոց է, և որպեսզի այն չվերածվի հիմնական դպրոցի, սահմանափակվում է ընդունելությունը միայն այն երեխաների համար, ովքեր ցանկանում են հետո սովորել ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ դասարաններում:

Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Իսկ եթե ցանկացողները շատ լինե՞ն, այստեղ չե՞ք տեսնում կոռուպցիոն ռիսկեր, երբ սահմանվում է ընդամենը երկու դասարան: Ինչո՞ւ եք սահմանափակում»:

ԿԳ փոխնախարարը պատասխանեց, որ ամեն տարի ձևավորում են ֆրանսերենի խորացված ուսումնասիրությամբ երկու դասարան` համաձայն հուշագրի, ֆրանսիական կողմից աջակցությունն էլ սահմանափակ թվաքանակի համար է, խոսքը գնում է ամեն տարի մոտ 50 աշակերտի ընդունելության մասին: