կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-11 14:11
Մշակույթ

«Ոսկե ծիրանի» հյուրերը Հայաստանի դեսպաններն են դարձել

«Ոսկե ծիրանի» հյուրերը Հայաստանի դեսպաններն են դարձել

Կիրակի` հուլիսի 13-ին, տեղի կունենա «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս օրերին Հայաստան են ժամանել բազմաթիվ կինոգործիչներ, արվեստագետներ ու մշակութասերներ: Սուքիասյանը, խոսելով փառատոնի մասին, նշեց, որ կինոփառատոնին մասնակցող հյուրերից յուրաքանչյուրը, վերադառնալով իր երկիր, Հայաստանից մի մասնիկ է իր հետ տանում, ուստի պետք է նրանց մեզ մոտ դիմավորեն հավուր պատշաճի:

 

«Փառատոնի շրջանակներում կարևորում եմ բացօթյա ցուցադրությունները: Ամեն օր Կարապի լճի մոտակայքում՝ ժամը 21-ին, կլինի ֆիլմերի ցուցադրություն նրանց համար, ովքեր չեն կարողանա մուտք գործել կինոթատրոններ»,- ասաց Սուքիասյանը:

 

Փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ փառատոնն իզուր չէ, որ կոչվում է երևանյան, քանի որ այս օրերին Երևանը իսկապես դառնում է տոնական քաղաք:

 

«Մեր հյուրերը մեր դեսպանների են վերածվել աշխարհով մեկ: Հաջորդ տարի նոր ծրագիր ենք իրականացնելու քաղաքապետարանի հետ` քաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն էկրաններ, որպեսզի ցուցադրություններ կազմակերպենք նաև նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունենում այս օրերին գալ Երևան»,- ասաց Խաչատրյանը:

 

Նա նաև նշեց, որ այս տարի մեծ տեղ են հատկացրել ասիական ֆիլմերին՝ Հայաստան հրավիրելով երկու խոշոր ռեժիսորների, իսկ նախորդ տարիներին ավելի շատ եվրոպական և ամերիկյան ֆիլմեր են ցուցադրվել: