կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-22 17:44
Հասարակություն

Բյուրականում նոր ամբուլատորիա է կառուցվում

Բյուրականում նոր ամբուլատորիա է կառուցվում

Օգոստոսի սկզբին մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նոր բժշկական ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այսօր շինհրապարակ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը և մարզի առողջապահության պատասխանատուները նախարարին ներկայացրին կատարված աշխատանքների ծավալները: Արմեն Մուրադյանը շինարարների հետ զրույցում կարևորեց իրականացվող աշխատանքների որակի և ժամկետների պատշաճ ապահովումը: Նախարարը նշեց, որ ամբուլատորիայի գործունեությունը էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործընթացին` հնարավորություն ընձեռելով նաև այլ համայնքների բնակչությանն առաջնային բուժօգնություն ստանալ ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմաններում:

Քննարկվեց նաև հետագայում ամբուլատորիան նոր գույքով և բժշկական սարքավորումներով վերազինելու անհրաժեշտությունը: Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննության, ինչպես նաև նաև Իմունականխարգելման ազգային ծրագրերի ընթացքով: Անդրադարձավ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում այս տարվա հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրերին: Նշենք, որ ներկա պահին Բյուրականի ամբուլատորիան իր գործունեությունն է ծավալում անմխիթար պայմաններում գտնվող, 1950թ. կառուցված շենքում, որը մասնակի վերանորոգվել է 2000թ.: Ամբուլատորիայում աշխատում են ընտանեկան բժշկության վերապատրատում անցած 3 բժիշկ և 2 բուժքույր: Այն սպասարկում է Բյուրական համայնքի 5180 բնակչության` (Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերը): Շինարարությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակում 2014թ. ընթացքում տնտեսված միջոցներով: Շինարարության ավարտը նախատեսված է 2015թ. դեկտեմբերի վերջին: