կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-11 12:08
Իրավական

Սուրիկ Խաչատրյանի եղբայրն անմեղսունա՞կ է

Սուրիկ Խաչատրյանի եղբայրն անմեղսունա՞կ է
Արդեն հայտնել ենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքն՝ Աղալարը, անցած շաբաթվա վերջին տեղափոխվել է հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ:
 
Հիշեցնենք, որ Սեյրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 2-ին Գորիսում Հարություն և Մուշեղ Զաքարյաններին ՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: Սկզբում նրան մեղադրանք էին առաջադրել ՀՀ ՔՕ 118 հոդվածի (ծեծ) ապա՝ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ Սեյրան Խաչատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Yerkir.am-ի տեղեկություններով, դեռևս տարիներ առաջ Սեյրան Խաչատրյանն անգործունակ եւ անմեղսունակ է ճանաչվել, ինչի շնորհիվ էլ մշտապես խուսափել է իր անվան հետ կապված միջադեպերից հետո պատասխանատվություն կրելուց: Մեր տեղեկություններով՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով քննչական մարմինը նրան չի կալանավորել: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում հենց նա էլ իր վրա վերցնի կատարվածի ողջ պատասխանատվությունը՝ որդուն՝ Էյներ Խաչատրյանին և կրտսեր եղբոր՝ Հոպոպ մականունով հայտնի Սերոբ Խաչատրյանի որդուն՝ Մայիս Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով:
 
Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարներ չկան այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ վերջինս նույնպես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և այդ հիմքով էլ 3 տարի ժամկետով ազատվել է ծառայությունից: Այս ամենից մնում է միայն ենթադրել, որ Խաչատրյանները ժամանակին «գժի թուղթ» ձեռք բերելով ազատել են իրենց ավելորդ հոգսերից, իսկ նրանց ձերբակալելը, կալանավորելը , մեղադրանք առաջադրելը պարզապես ձևական բնույթ է կրում: Փաստորեն բոլոր հնարավորությունները կան, որ այս անգամ էլ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները խույս տան արդարադատությունից: Արդյունքում կմնան միայն նրանց ձերբակալելու, կալանավորելու կամ մեղադրանք առաջադրելու մասին հրապարակումները: