Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը Ազգային ժողովի բակում: Ռեժիսորի խոսքով` պատճառը ՀՀ պետական կառույցների կողմից իր` ստեղծագործելու, կինոարտադրող ընկերության գործելու իրավունքին խոչընդոտելն ու ֆիլմի պետական ֆինանսավորումը սառեցնելն է:
Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականի մարտի 29-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր «Տատիկիս վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության վերաբերյալ: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 312 մլն ՀՀ դրամ, որից 23 մլ դրամը պետք է ֆինանսավորեր կինոկենտրոնը, իսկ 289 մլն դրամի չափով գումար պետք է ներդներ պրոդյուսերական ընկերությունը /պայմանագիրն առկա է/: Ըստ պայմանագրի` ֆիլմի արտադրության ավարտման ժամկետն էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մինչ ժամկետի լրանալը` Հովհաննես Գալստյանը դիմել է կինոկենտրոնին` ֆիլմի արտադրության ավարտման ժամկետը երկարաձգելու խնդրանքով:Կողմերի միջեւ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որի համաձայն` ֆիլմի ավարտման ժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 3-ը: Այնուամենայնիվ, 2018-ին կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով չեղարկել է երեք տարի առաջ ստանձնած` ֆիլմը ֆինանսավորելու իր պարտավորությունը։
Գալստյանի հայտը մերժվել է` հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա հրամանով հաստատված` «Ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը, այն է` «նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթական են մերժման»:
Հավելենք, որ Հովհաննես Գալստյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպել էր 2018-ի դեկտեմբերին, որից հետո դադարեցրել էր 10 օր շարունակվող հացադուլը: Կինոնախագծի շուրջ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն առաջիկա օրերին պետք է ամրագրվեր պայմանագրի ստորագրմամբ, ինչը դեռևս տեղի չի ունեցել:
Մեզ հետ զրույցում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը նշեց. «Հացադուլը, իհարկե, չեմ դադարեցնելու: Մշակույթի նախարարությունն ինձ երաշխիքներ է տվել, որ կսկսեն արտադրությունը, բայց դա սուտ է: Ես հոգնել եմ պետական կառույցների ստերից: Եթե տիկին Մակունցի մեջ կան մարդկային հատկանիշներ, ապա նա պիտի գա, ու միասին հասկանանք` ինչու իր տված երաշխիքները չեն գործում»:
Գալստյանը հացադուլը կդադարեցնի, եթե բավարարվի երեք պահանջ`
Ա) վերսկսել «Տատիկիս վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների,
Բ) վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017-ին վերցված գումարները,
Գ) սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։