կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 21:06
Առանց Կատեգորիա

Սթափության ապտակ` Ռուսաստանին

Սթափության ապտակ` Ռուսաստանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ  Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանում էլէներգիայի թանկացման հարցը չի քննարկվել: «էլեկտրաէներգիայի սակագինը ներհայաստանյան հարց է, որը, անկասկած, չի կարող քննարկվել ՌԴ-ի հետ»,- ասել էր նա: Պեսկովի հայտարարությունն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների պարադոքսալ վիճակը:

Հայաստանում էլէներգիայի սակագնի հարցը չի կարող լինել զուտ ներհայաստանյան: ՀԷՑ-ը պատկանում է ռուսական պետական ընկերության: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի միջոցով Ռուսաստանը սեփականացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի սիրտը: Չի բացառվում, որ ՌԴ-ին իսկապես չի հետաքրում` շահույթո ՞վ, թե՞ վնասով է աշխատում ՀԷՑ-ը, կամ ի՞նչ որակի մենեջմենթ է այնտեղ իրականացվում: Այդ ընկերությանը տիրապետելը Մոսկվայի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նշանակություն ունի: Սակայն ընդհանուր առմամբ Պեսկովը նաև չի ստում, որովհետև սակագների բարձրացման իրավազորությունը Հայաստանին է` ի դեմս ՀԾԿՀ-ի: Վերջինիս է պատկանում նաև ՀԷՑ-ի կողմից պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման լծակը: Եթե այդ ընկերությունում ֆինասնական ճգնաժամ է, ապա Հայաստանի, այլ ոչ թե ՌԴ-ի խնդիրն է սեփական սպառողների, քաղաքացիների շահերը պաշտպանելը և այդ ընկերության «ականջները քաշելը»: Ռուսաստանը մեղավոր չէ, որ դրա փոխարեն Հայաստանի Կառավարությունն զբաղված է ինքնարդարացումներ փնտրելով ու սեփական հասարակությանը մոլորեցնելով: 

Պեսկովն ուզում է ասել, որ Մոսկվայում հաղթահարված են համարում Բաղրամյան փողոցում առաջացած տագնապը, որը, բառի բուն իմաստով, խուճապի էր մատնել ՌԴ-ին: Ընդ որում` այդ տագնապը հաղթահարվել է` ՀՀ Կառավարության կողմից խնդրի լուծումն իր վրա վերցնելու, այսինքն` փաստացի առանց Ռուսաստանի, նույնիսկ ՀԷՑ-ի շահերը փոքրիշատե շոշափելու: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախագահ Սերժ Սարգսյանի` նախորդ օրերին արած հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ սակագնի տարբերության սուբսիդավորումը կատարվելու է ՌԴ-ից ստացվող 200մլն դոլարի արտոնյալ վարկից, որը նախատեսվում է ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար: Այսինքն` Հայաստանը ոչ միայն այդ վարկային միջոցների մի մասը ՀԷՑ-ին է փոխանցելու, այլև ստիպված է լինելու ռուսական կողմին նաև դրա տոկոսները վճարել: Այս իմաստով Պեսկովը նաև անուղղակի հասկացնում է, որ Ռուսաստանը բացարձակապես չի ընդունում իր պատասխանատվությունը հայկական էլ. ցանցերում ստեղծված իրավիճակի համար:

Հայաստանում հունիսի 19-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ծավալված պրոցեսները յուրօրինակ ապտակ էին Ռուսաստանին: Վերջինիս պարզ դարձավ, որ բոլորովին էլ միֆ չէ Հարավային Կովկասում իր միակ ստրատեգիական «հենակետը»` Հայաստանը կորցնելու հնարավորությունը: Դա էր պատճառը, որ փորձ արվեց սիմվոլիկ որոշակի քայլեր կատարել Ռուսաստանից հայաստանյան աճող դժգոհությունների պատճառները չեզոքացնելու ուղղությամբ:

Նախ`վեց ամիս ուշացումով որոշվեց Վալերի Պերմյակովի գործը  հանձնել ՀՀ քննչական կոմիտեին: Պարզվեց, որ այն, ինչ Մոսկվան հնարավոր չէր համարում վեց ամիս առաջ, հանկարծ հնարավոր դարձավ հայաստանյան սոցիալական հուզումների ֆոնին: Հետո տեղեկատվություն տարածվեց «կանացի խալաթով» ստորացվող Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու մասին, թեև այս կապակցությամբ դեռ ոչինչ որոշակի չէ: Եվ վերջապես Ռուսաստանը որոշեց Հայաստանի սպառազինության խնդիրը լուծելու համար արտոնյալ վարկ տրամադրել` փորձելով ցույց տալ, թե հավասարակշռություն է մտցնում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալներում: Իհարկե, 200մլն դոլարը սիմվոլիկ գումար է մոտ 5մլրդ դոլարի այն գործարքի համեմատ, որը Մոսկվան անցած 4 տարիների ընթացքում Երևանի քթի տակ իրականացրել է Բաքվի հետ: Կարևորն այն է, որ Ռուսաստանը հասկացավ, թե ինչի է հանգեցնում Հայաստանի նկատմամբ իր արհամարհական, եթե չասենք` ստորացուցիչ քաղաքականությունը:

Որքան էլ սիմվոլիկ, սրանք քայլեր էին, որոնք բխում էին Ուկրաինան կորցնելուց ստացված դասերից, երբ Կրեմլը սկսեց ուկրաինացիներին սիրաշահելու համար ինչ-որ քայլեր կատարել միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն Կիևում կորցրել էր: Կրեմլը չի ցանկանում Հայաստանում կրկնել նույն սխալը: Առ այսօր Ռուսաստանն առաջնորդվել է այն մտայնությամբ, որ իր հենակետը Հայաստանում բացառապես իշխանություններն են, որոնք այնքան ուժեղ են, որ կարող են լուծել ցակացած խնդիր և չեզոքացնել իրենց տեսանկյունից, ՌԴ շահերի նկատմամբ դրսևորվող ցանակցած ոտնձգություն: Հիմա նրանք ստիպված են վերանայել իրենց այս քաղաքականությունը, որովհետև ակնհայտորեն տեսան, որ Հայաստանի իշխանությունն այնքան էլ ամուր չէ, իսկ քաղաքացիական հասարակությունն այնքան թույլ չէ, որքան երևում է Կրեմլի «պատուհաններից»: Սա նախադրյալներ է ստեղծում ի վերջո հրաժարվելու Հայաստանի նկատմամբ վասալային քաղաքականությունից և սկսելու ռազմավարական գործընկերության բովանդակությանը և ոգուն հարիր նոր որակի հարաբերություններ: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ Ռուսաստանի հիշողությունը չափազանց կարճատև է: Իսկ որպեսզի այն հնարավորինս երկար լինի, նախ Հայաստանի իշխանությունը պետք է իր տեղում լինի` գոնե օգտվելու այն հսկայական դիվիդենտներից, որոնք սկուտեղի վրա նրան մատուցեց Հայաստանի հասարակությունը:

Գևորգ Դարբինյան