կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 17:15
Քաղաքական

Ազատության հրապարակի գիշերներում ծնվում է ՀՀ քաղաքացին

Ազատության հրապարակի գիշերներում ծնվում է ՀՀ քաղաքացին

Երեք օր է` Ազատության հրապարակում չի դադարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված նստացույցը, որի կուլմինացիան կարող է լինել այսօր, երբ կլրանա իշխանությանը ներկայացված` թանկացման որոշումը փոխելու վերջնաժամկետը: Չնայած նախորդ օրերին ակցիան անուշադրության մատնելով` իշխանությունը և ՀԷՑ-ի ղեկավարությունը հասկացնում են, որ որոշումը չի փոխվելու, ակցիայի մասնակիցները սպառնում են նստացույցը տեղափոխել ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

Բաղրամյան փողոցը, ինչպես հայտնի է, հայաստանյան հասարակական-քաղաքական շարժումների «գերեզմանոցն» է: Այստեղ 1996թ. սեպտեմբերի 25-ին դրվեց Վազգեն Մանուկյանի շարժման վերջի սկիզբը, 2004-ին ապրիլի 12-ի գիշերը ցուցարարների վրա ուժայինների հարձակմամբ այստեղից սկսվեց ընդդիմության ճգնաժամը, 2013-ի ապրիլին այստեղից Րաֆֆի Հովհաննիսյանը լքեց ժողովրդին` Ծիծեռնակաբերդում ոստիկանապետի հետ աղոթք կարդալու համար:

Արդյո՞ք «Ոչ թալանին» շարժումը կկարողանա ջարդել այս տխուր ավանդույթը, պարզ կդառնա առաջիկայում, թեև շարժման կազմակերպման և գործողությունների պլանավորման առանձնահատկություններն առանձնապես լավատեսություն չեն ներշնչում: Այնքան էլ լավ չհիմնավորվեց, թե ինչու Ազատության հրապարակում թանկացման դեմ վճռական հանրահավաքը պլանավորվեց էլեկտրաէներգիան թանկացնելու մասին ՀԾԿՀ-ի որոշումը կայացվելուց հետո, այլ ոչ թե դրանից առաջ: Չէ՞ որ, որ ավելի դյուրին է ստիպել կանխել անցանկալին, քան անդրադառնալ հետևանքին: Հունիսի 19-ին հանրությունը Ազատության հրապարակ էր կանչվել հանրահավաքի համար, բայց կազմակերպիչները դրա փոխարեն առաջարկեցին միանգամից նստացույց սկսել: Թեև, որպես ճնշման միջոց, դա առավել ազդեցիկ է, հատկապես, որ նստացույցը կրում է անդադար բնույթ, սակայն այս կտրուկ անցումները ցույց էին տալիս, որ շարժումը կազմակերպվում է հախուռն, հընթացս կայացվող որոշումներով, և որ այնքան էլ պլանավորված չեն հետագա քայլերը:

Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, ադեկվատ է արձագանքում իրավիճակին: Դա ձեռք բերած փորձառության արդյունք է: Ինքնավստահության ու հավասարակշռության այս ցուցադրությունը նրա համար է, որ ակցիային ավելորդ հասարակական-քաղաքական կշիռ չհաղորդվի, որ իրավիճակը վերահսկելու իմաստով հանրությանը ներշնչվի իշխանության գերինքնավստահությունը: Բայց որքա՞ն դա կշարունակվի: Ոստիկանության ինքնավստահությունը սնվում է Ազատության հրապարակում սպասվածից ավելի քիչ հանրույթ տեսնելուց: Եթե այն ավելորդ անհաշվենկատություն դրսևորի, ոստիկանության համար խնդիր չի լինելու ցրել այդ ռեսուրսը: Գուցե ոստիկանության համար ամենաձեռնտու տարբերակը հենց լինի այսքան փոքր ռեսուրսով, կազմակերպչական լուրջ խնդիրներով ակցիան Բաղրամյան փողոց տեղափոխելու փորձը շարժումը դեռ չծնված` օրորոցում խեղդելը:

Եվ, այնուամենայնիվ, շարժման իրական խնդիրը, բոլորովին էլ ոստիկանությունը չէ և ոչ էլ, մեծ հաշվով, այս հախուռնությունը: Ազատության հրապարակի սահմաններում վերջինս նույնիսկ առավելություն է: Չկա կազմակերպչական կոնկրետ, ֆորմալ կենտրոն, չկա նաև քաղաքական շահարկումների ենթարկվելու, կամա թե ակամա տարբեր շահեր սպասարկողի վերածվելու վտանգ: Որևէ մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել իշխանության հետ մտնել սեպարատ բանակցությունների կամ գործարքների մեջ, որովհետև սա մի շարժում է, որտեղ յուրաքանչյուրն ընդամենը ինքն իրեն է ներակայացնում: Հետևաբար, չափավոր էմոցիոնալությունը, որը խարսխվում է երիտասարդական ավյունի, հաստատակամության և սկզբունքայնության վրա, շարժման մաքրության, ապաքաղաքականացվածության հիմնական ցուցիչն է ու հրապարակն անտարբերների համար գրավիչ դարձնելու գրավականը: Շարժման իրական խնդիրը հանրային իներտությունն է, իր իսկ հստակ ձևակերպված պահանջներին տեր կանգնելու պատասխանատվությունից խուսափելու կեցվածքը, մասնակցի, դերակատարի հոգեբանությունը հանդիսատեսի հոգեբանությամբ փոխարինելու իրողությունը: Սա կրկնակի բարդացնում է իրավիճակը:

Ազատության հրապարակն իր տունը դարձրած առողջ երիտասարդությունը հիմա փորձում է միաժամանակ երկու խնդիր լուծել. վերակենդանացնել հայրենակիցների մեջ մահացած քաղաքացուն, ջարդել հարմարվողականության բետոնե հաստ պատը և միաժամանակ լինել պահանջատեր: Որքան հրապարակը հաջողում է` որպես պահանջատեր, նույնքան առայժմ ձախողում է` իբրև վերակենդանացնող: Բայցևայնպես, թե\' մեկի և թե\' մյուս իմաստով այս շարժման բովում, Ազատության հրապարակի գիշերներում ծնվում է ՀՀ քաղաքացին: Այն դեռ որակ չի կազմում, բայց հրապարակից հորդող իր լավատեսությամբ ու լուսավորությամբ խիստ վարակիչ է: Մնում է գտնել այդ վարակը տարածելու, համաճարակի վերածելու եղանակը: Նրանք գալիս են` փոխարինելու զենքերը վայր դրած լյումպենին, գալիս են դառնալու քաղաքական-հասարակական լուրջ գործոն:

Գևորգ Աղաբաբյան