կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 18:00
Քաղաքական

Գրպանային սկզբունքայնություն

Գրպանային սկզբունքայնություն

Ծխախոտի, օղու, բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմանն ուղղված` «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը, որոնք ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցան երեկ և այսօր, երկու կարևոր իրողություն բացահայտեցին կամ, թերևս ավելի ճիշտ, վերահաստատեցին:

Նախ` հայտնի դարձավ, որ թեև արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ չէ, բայց, վարչապետ լինելով հանդերձ էլ, շարունակում է մնալ ԱԺ-ի լիարժեք «տիրակալը», իսկ դե յուրե ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնող Գալուստ Սահակյանն ընդամենը դե ֆակտո կատարում է խորհրդարանում Աբրահամյանի տեղապահի գործառույթները: Երեկ օրինագծի շուրջ բուռն քննարկումների վերջում, երբ արդեն հասկանալի դարձավ, որ հարկային բեռի ավելացման հանգեցնող օրինագծին դեմ են նույնիսկ որոշ ՀՀԿ-ականներ, Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե խոսել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և պայմանավորվել, որ նախագիծը հիմա կընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցումը կհետաձգվի մինչև ԱԺ աշնանային նստաշրջան: ԱԺ նախագահը, ըստ էության, պատգամավորների փոխարեն կամ նրանց անունից վարչապետին փաստացի տվել է նախագիծն անցկացնելու հստակ երաշխիքներ: Եվ դա մի պարագայում, երբ կառավարությունը, արհամարհելով օրինագծերի ընդունման` ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված ընթացակարգերը, նախագիծն արտահերթ նստաշրջանի օրակարգ էր մտցրել՝ նույնիսկ հնարավորություն չտալով, որ այն գոնե ձևականորեն քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովում:

Բացի դրանից` պատգամավորների մեծամասնության վիճարկման առարկան ոչ թե նշված ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման չափին էր առնչվում, այլ հարկերն ավելացնելու` կառավարության նախաձեռնության նպատակահարմարությանը` առհասարակ: Խնդիրը ոչ թե գտնվում էր կառավարության հետ լեզու գտնելու, այլ օրինագիծը նույնիսկ առաջին ընթերցմամբ ընդունել-չընդունելու դաշտում: Եվ ահա Գալուստ Սահակյանը, անտեսելով այս ամենը, խորհրդարանի հեղինակության գործոնը, օրինագծի նկատմամբ նույնիսկ ՀՀԿ-ական խմբակցության մի մասի բացասական վերաբերմունքի պայմաններում վարչապետին հավաստիացնում է, թե այն առաջին ընթերցմամբ կընդունվի:

Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ այսօր դեմ արտահայտվող պատգամավորներին նա փորձում էր համոզել կողմ քվեարկել` շահարկելով վարչապետի հետ իբր երկրորդ ընթերցումը հետաձգելու հարցում լեզու գտնելու հանգամանքը: Իրականում, սակայն, դրանով նա ոչ թե արտահայտում էր հարկային բեռի ավելացման` կառավարության քաղաքական ուղեգծին իր կողմ լինելը, այլ փորձում էր փրկվել, օրինագիծը ընդունելու` տված երաշխիքը չկատարելով, վարչապետի մոտ խայտառակ լինելու հեռանկարից: Եթե դա տեղի ունենար, նշանակելու էր, որ Սահակյանի խոսքը ԱԺ-ում արժեք չունի, որ ի զորու չէ կառավարել խորհրդարանը և նույնիսկ` ՀՀԿ-ական մեծամասնությանը: Մի կերպ ընդունելով օրինագիծը` ԱԺ մեծամասնությունն այդ խայտառակությունից փաստացի փրկեց Գալուստ Գրիգորիչին:

Բայց դրանից իրերի դրությունը չփոխվեց. կառավարությունը հասավ նրան, որ իր ծրագրային հիմնադրույթներին հակասող այս օրինագիծն ընդունվեց, և խորհրդարանական մեծամասնությունն ու ԱԺ նախագահը պատվով կատարեցին իրենց` սովորական դակիչի խամաճիկային գործառույթը:

Մյուս բացահայտումը վերաբերում էր արդեն պատգամավորական մոտիվացիաներին: Պարզվում է` պատգամավորները կարող են նաև ատամ ցույց տալ կառավարությանը: Զորօրինակ` ի թիվս այլոց, կառավարության նախագծի քվեարկության ժամանակ համարձակվել են չքվեարկել կամ դեմ քվեարկել նաև ԱԺ-ի օլիգարխիկ, գործարար հանրույթի կարկառուն ներկայացուցիչները` Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Արագած Ախոյան, Սամվել Ալեքսանյանը և այլք: Մարդիկ, ում գործունեությունն այս կամ այն չափով առնչվում է այն ոլորտներին, որոնց վրա տարածվելու է ակցիզային հարկի բարձրացման այս օրենքը: Այսինքն` նրանց մոտ պատգամավորական խիղճն ու համոզմունքներն արթնանում են հիմնականում այն ժամանակ, երբ զգում են, որ ոտնձգություն է կատարվել իրենց բիզնես հետաքրքրությունների, իրենց գրպանների նկատմամբ: Ահա այդ ժամանակ են միայն հայրենի պատգամավորները հիշում, որ, «կողմ»-ից բացի, նաև դեմ քվեարկության կամ դիրքորոշում հայտնելու այլ տարբերակներ կան: Թե չէ` պետական, հասարակական շահերի նման «մանր-մունր» թիթիզությունների համար ի՞նչ իմաստ ունի պատգամավորական սկզբունքայնություն խաղալ: Ահա, թե ինչով է բացատրվում  պատգամավորական մանդատ պարտադիր ունենալու` հայրենի օլիգարխների ձգտումը. դա միայն «պրեստիժի» հարց չէ, ի վերջո, ո՞վ է սեփական շահերն իրենցից ավելի լավ պաշտպանելու...

Գևորգ Աղաբաբյան