Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը, որով «պետական» բառը փոխարինվում է «կառավարության» բառով: Դա կառավարությանը նոր վարկեր վերցնելու հնարավորություն կտա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթում նշեց, որ օրենքի փոփոխությունը նշանակում է, որ կառավարությունը ուզում է պետական պարտքից առանձնացնել կառավարության պարտքը և նոր հորիզոններ բացել` նոր պարտքեր ներգրավելու համար: Նաև ԿԲ-ն կարող է առանց սահմանափակումների պարտքեր ներգրավել:
Պատգամավորը սկսեց թվարկել վերցված վարկերը՝ Հյուսիս-հարավ ծրագրի համար` 150 միլիոն դոլար, գերմանական պարտք` 200 միլիոն դոլար, «Որոտան»-ի պարտք՝ 45 միլիոն դոլար, ատոմակայանի վարկ` 270 միլիոն դոլար, էլցանցի վարկեր՝ 10 միլիոն դոլար, էլեկտրահաղորդակցման համար` 52 միլիոն դոլար, սոցհամայնքների համար` 30 միլիոն դոլար, քաղաքի լուսավորության համար` 4 միլիոն դոլար, գյուղատնտեսական վարկեր և այլն: Նա կարծիք հայտնեց, որ այս տեմպերով եթե գնա` երկու տարի հետո Հայաստանի պարտքը կկազմի 7 միլիարդ դոլար:
«Վարկ վերցնելը վատ բան չէ, բայց անհամադրելի է, որ Հայաստանին համեմատում եք եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի պետական պարտքի ցուցանիշների հետ: Դուք ո՞ր արտաքին առևտրի ցուցանիշներով եք մտնում մեյդան: Պարտքը վերցնում եք` ձեր համակարգը պահելու համար, դուք չեք բերել վարկ, որը աշխատատեղ ա ստեղծում: Այսօր մեկ շնչին ընկնող պարտքը Հայաստանում կազմում է 2000 դոլար, այսինքն` որպես ՀՀ քաղաքացի` մեզանից յուրաքանչյուրը 2000 դոլար պարտք ունի արդեն»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ արտագաղթողների բաժին պարտքն էլ ծանրանալու է Հայաստանում ապրողների վրա:
Նա համեմատության համար մեջբերեց «Соотечественники» ծրագրով Ռուսաստան մեկնելը, երբ ով գնում է Ռուսաստան, ստանում է 2000 դոլար, իսկ Սիբիր մեկնողները՝ 5000 դոլար: Այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ քաղաքացին փախչում է Հայաստանի 2000 դոլարից ու գնում Ռուսաստան` ստանալու 2000 կամ 5000 դոլար:
Պատգամավորը հարցնում է կառավարությանը, թե ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները փակելու այդ պարտքը կամ ի՞նչ տնտեսական ծրագրով են փակելու, որովհետև մի տեղ կարում-կարկատում են պարտքը, մեկ այլ տեղ է ծակվում:
«Որոտան»-ի պես հրաշք հիմնարկը վաճառեցիք, որ օտարի պարտքը տաք, հոսանքը թանկացնում եք, որ «Նաիրիտ»-ի պարտքը տաք, է հետո՞, էսպես տնտեսություն են պահո՞ւմ: Պարտքը ռիսկ է, բայց էդ ռիսկը փակելու միջոցը չունենք»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ԱԺ արտահերթ նիստի ամբողջ օրակարգում կառավարության նախագծեր են, որոնք ընդամենը փող են պոկում քաղաքացիներից: