կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 18:00
Տնտեսական

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 1500 դոլար

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 1500 դոլար

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երկու օր առաջ հրապարակեց Հայաստանի պետական պարտքի մասին փաստաթուղթը: Ըստ այդ փաստաթղթի` Հայաստանի Հանրապետությունը «աջ ու ձախ», 2012 թվականի տվյալներով, պարտք է 1 տրիլիոն 764 միլիարդ 475 միլիոն դրամ կամ 4 միլիարդ 372 միլիոն ԱՄՆ դոլար: Սրա մեջ մտնում են ինչպես կառավարության, այնպես էլ արտաքին, ներքին ու ԿԲ-ի ներքին պարտքերը:

 

Երբ ասում ենք` Հայաստանի Հանրապետությունը, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միասին պարտք են մոտ 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը մոտ 500 միլիարդ դրամով ավելին է, քան ՀՀ եկող տարվա պետբյուջեն:

 

Ընդունելով նույն ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակման թվերը` ՀՀ մշտական բնակչության մասին, համաձայն որի` Հայաստանում այժմ ապրում էն 3 միլիոն 17 հազար մարդ, ստացվում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր մարդ պարտք է մոտ 1500 ԱՄՆ դոլար` ուզած-չուզած: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր արտագաղթողից հետո մեր` երկրում մնացողներիս պարտքն է մեծանում: Այսինքն` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, սկսած 1 օրական նորածնից մինչեւ ամենատարեց մարդը, պարտք ենք 1500-ական դոլար: Ու սա այն դեպքում, երբ մեր երկրում մոտ 1 միլիոն 400 հազար մարդ աղքատ է` պաշտոնական տվյալներով:

 

Ընդ որում' վերջին հինգ տարիներին Հայաստանի պարտքերը գնալով աճել են. եթե 2008 թվականին մեր երկիրը, այսինքն` բոլորս, պարտք էինք 1 միլիարդ 906 միլիոն 38 հազար դոլար, ապա 2009թ.-ին արդեն պետական պարտքը հասավ 3 միլիարդ 375 միլիոն 297 հազար դոլարի, 2011-ին' 4 միլիարդ 134 միլիոն 670 հազար դոլարի: Սա դեռ 2013 թվականի տվյալները չեն, այլ 2012-ի, իսկ այս տարի Հայաստանը նոր պարտքեր է ավելացրել: Դրանցից ամենախոշորը եվրաբոնդերի թողարկումով առաջացած պարտքերն են:

 

Պարտք վերցնելը, առհասարակ, վատ բան չէ. երկրները պարտք են վերցնում ու այդ միջոցները ներդնում տնտեսության մեջ, ենթակառուցվածքներում, վարչարարությունն են կատարելագործում եւ այլն, որպեսզի երկիրը զարգանա, գրանցի տնտեսական աճ, ու մարդկանց կենսամակարդակը բարձրանա: Բայց Հայաստանում այսօր, եթե անգամ մոռանանք  մոտ 1 միլիոն 400 հազար աղքատների մասին, տնտեսական աճը երբեք չի լինում այնպիսին, ինչպիսին կառավարությունն է «կանխատեսում», գնաճի մակարդակը գնալով բարձրանում է, տնտեսության մի շարք ոլորտներ նվազում են արձանագրում եւ այլն:  Այդքան պարտքերի մեջ այս վիճակին լինելը, հատկապես` այս օրերին, ակամայից ստիպում է հիշել  Իշխան Զաքարյանի գլխավորած ՎՊ-ի բացահայտումները, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու կամ ում պատճառով են Հայաստանի քաղաքացիները 1500-ական դոլար պարտք:

 

Հարց է առաջանում` ով, երբ ու ինչպես է փակելու այս պարտքերը:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ