կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 16:16
Մշակույթ

«Սերը Մոսկվայում». սեր, որտեղ սեքս էլ կա

«Սերը Մոսկվայում». սեր, որտեղ սեքս էլ կա

Երեկ գրող, սցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանի նոր` «Սերը Մոսկվայում» գրքի շնորհանդեսն էր:

Լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ իր համար արժեքավորն այն գրականությունն է, որը սեփական փորձի, ցավի, ձախողման, երջանկության վրա է հիմնված: Նրա համոզմամբ` պատմություն հորինող գրողներն այդ պատմությունները գողանում են ուրիշներից:

«Այնուամենայնիվ, սա ինքնակենսագրական վեպ չէ: Անգամ որևէ դրվագ մաքուր ինքնակենսագրական չէ, բայց հիմնված է անձնական զգացողությունների վրա, ինչը ցանկացած արվեստագետի համար պետք է լինի գլխավորը: Շատ կարևոր է նաև, որ քո նախորդներից ավելի անկեղծ լինես, որովհետև ցանկացած սերունդ անկեղծության խնդիր ունի. ինչ-որ բաներ կան, որոնք վախենում ենք ինքներս մեզ խոստովանել, բայց երբ խոստովանում ենք, պարզվում է` տասնյակհազարավոր մարդիկ վախեցել են նույն բանը խոստովանել: Նրանք դառնում են քո հերոսի ընկերն ամբողջ պատմության ընթացքում: Դա էր, որ ես սկզբում չէի կարողանում ստանալ, վախենում էի այդքան անկեղծ լինել և ինձ տանջեցի այնքան, մինչև հասա այդ անկեղծությանը»,- ասաց Մարտիրոսյանը:

«Սերը Մոսկվայում» վեպը գրողը սկսել է գրել 2009-ի սկզբին և ավարտել այս տարվա փետրվարին: Գիրքը, հեղինակի խոսքով, սիրային մի պատմություն է, որն ուղեկցվում է բազմաթիվ այլ գծերով, ընդհուպ` մինչև քրեական պատմություն, քաղաքական քննարկումներ, ինտելեկտուալ զրույցներ:

Պետական աջակցությամբ լույս տեսած գիրքը հրատարակել է «Անտարեսը»: Հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հավաստմամբ՝ «Սերը Մոսկվայում» վեպը որոշակի սովորություններից, պատկերացումներից, կարծրատիպերից ազատագրող ստեղծագործություն է:

«Այս գիրքը ոչնչով չի կրկնում հեղինակի նախորդ գրքերը: Օրինակ՝ սերը՝ որպես մեր շատ վեպերի ամենակարևոր ֆենոմեն, այստեղ ներկայացված է բոլորովին այլ հայացքով: Այստեղ միայն սիրո մեր ընկալած ռոմանտիկան չէ: Սա սեր է, որտեղ սեքս էլ կա, և սեքսը այդ մեծ սիրո ամենաֆենոմենալ բաղկացուցիչներից մեկն է: Մեզ թվում է, որ սերն ու սեքսը չպետք է համաբանվեն իրար, բայց վեպը գալիս է կոտրելու այն կարծրատիպը, այսինքն` ասելու այն, ինչ գիտենք»,- ասաց գրականագետը:

Բացի այդ, ըստ նրա, անկախությունից հետո սա առաջին վեպն է հայ իրականության մեջ, որում այնքան ռեալիստական գույներով պատկերված է նոր ժամանակների Մոսկվան, ինչն օգնում է զուգահեռ տանել խորհրդահայ վեպերում ներկայացված Մոսկվայի հետ՝ կոտրելով այս քաղաքի մասին այն կարծրատիպը, որը մեզ ծանոթ է խորհրդահայ վեպերից ու ֆիլմերից:

Նիկողոսյանի համոզմամբ`վեպի բացառիկությունն այն է, որ այն ընթերցվող վեպ է, մյուս կողմից էլ` գրողական իրացմամբ լուրջ գործ: