կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 18:57
Իրավական

Խուզարկություն՝ Սուրիկ Խաչատրյանի ամառանոցային համալիրում

Խուզարկություն՝ Սուրիկ Խաչատրյանի ամառանոցային համալիրում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:


«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն  է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։ 

Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ  անձինք, առգրավվել են  Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները և արյան նմունշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նշված միջադեպի մասնակիցների ամբողջական  շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, Հ.Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- կարդում ենք հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, այդ ամառանոցային  համալիրը պատկանում  է Սյունիքի մարզպետին: Ինչպես  ավելի վաղ տեղեկացրել էինք,  նույն այդ համալիրում Սուրիկ Խաչատրյանը  «զրուցել էր» Սդղի գյոլում ծեծված եղբայրներից Մուշեղի հետ: