կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-18 17:40
Աշխարհ

Բուլղարահայերը մասնակցել են Բատակի զոհերի ոգեկոչման միջոցառմանը

Բուլղարահայերը մասնակցել են Բատակի զոհերի ոգեկոչման միջոցառմանը

Մայիսի 16-ին բուլղարական Բատակ քաղաքում մեծ շուքով նշվել է Բատակի Սուրբ Նահատակների հիշատակի օրը: Բուլղարիայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն են բերել օսմանյան թուրքերի կողմից Բատակի կոտորածների 139-ամյակի ոգեկոչման արարողություններին. հայտնում է «Կանթեղ Արարատյան» պարբերականը:

 

Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) Պլովդիվ քաղաքի պատասխանատու Տիգրան Բեգիյանը «Կանթեղ Արարատյան» լրատվական կայքին տեղեկացրեց, որ մի քանի մեքենաներով հայ համայնքի ներկայացուցիչները գնացել են Բատակ, ուր իրենց հարգանքի տուրքն են մատուցել Սուրբ Նահատակների հիշատակին: Նա զրույցի ժամանակ նշել է, որ հայ ժողովուրդը, ով այսօր աշխարհում դարձել է ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ, չի կարող անտարբեր լինել այլ ազգերի հանդեպ իրագործված կոտորածների նկատմամբ: 

 

«Բատակի կոտորածը Օսմանյան կայսրության կողմից բուլղար ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության միայն մի դրվագ է: Բատակում կոտորվել են ավելի քան 5 000 քրիստոնյա բնակիչներ, որոնց մեծամասնությունը եղել են կանայք և երեխաներ: Մեզ համար ոչ մի կասկած չկա, որ դա եղել է ծրագրված և իրագործված ցեղասպանություն մեր եղբայր բուլղար ժողովրդի նկատմամբ»,- նշել է նա:

 

Ոգեկոչման արարողությունների ժամանակ Բատակի քաղաքային իշխանությունները մեծ հարգանքով են դիմավորել հայ համայնքի ներկայացուցիչներին և իրենց երախտապարտությունը հայտնել բուլղար ժողովրդի ցավին հայության կողմից արտահայտած համերաշխության համար: Բատակի քաղաքապետ Պետր Պաունովը, ով նաև Բուլղարիայի հայերի միության պատվավոր անդամ է, երախտապարտորեն հիշել է ԲՀՄ կողմից կանգնեցված Խաչքար-հուշարձանը Բատակում, որը երախտապարտ հայ ժողովրդի նվերն է` ի հիշատակ Բատակի կոտորածի զոհերի:

 

«Մենք մշտապես երախտապարտ ենք Բուլղարիայի հայերի միության համանախագահներ Երեմ և Հարություն Հովսեփյան եղբայրներին, ովքեր իրենց անձնական միջոցներով մեր քաղաքում 2007 թվականին կանգնեցրեցին այս հիասքանչ խաչքարը, որը պատրաստված է Հայաստանում: Այս խաչքարը մեր երկու եղբայրական ժողովուրդների համերաշխության և ընդհանուր ցավի խորհրդանիշն է»,- ասել է քաղաքապետը:

 

Հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ են զետեղել խաչքարի առջև՝ ի հիշատակ Բատակի զոհերի:

 

1876 թվականին բուլղար ժողովուրդը զինված ապստամբություն է սկսում Օսմանյան կայսրության դեմ: Ի պատասխան այս գործողություններին, որը հայտնի է Ապրիլյան ապստամբություն անվանումով, օսմանյան ուժերը համատարած կոտորածներ են իրականացնում բոլոր այն վայրերում, որտեղ բուլղար հեղափոխական ուժերը կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ամենամեծ դաժանությունները իրականացվել են Բատակում, ուր մեծ թվով երեխաների և կանանց թուրքերը փակել են եկեղեցում և այն կրակի տվել: