կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 14:09
Հասարակություն

Հանձնվեք, հաճույք ստացեք. Ջհանգիրյանը` նախկին ուսանող Հովհաննես Մանուկյանին

Հանձնվեք, հաճույք ստացեք. Ջհանգիրյանը` նախկին ուսանող Հովհաննես Մանուկյանին

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում, ըստ որի`  պաշտոնատար անձի կամ ի պաշտոնե հանդես եկող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ ցավ կամ տառապանք պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ խոշտանգումը հիմնականում բնորոշ է հետաքննության և նախաքննության մարմիններին: «Դժվար եմ պատկերացնում, թե դատախազը կամ դատավորը ոնց պետք է խոշտանգեն: Ասենք` կարող են մեկին տանել պադվալում պահել, բութ մատը կամ ականջը կտրել, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, թե որ մարմիններում են խոշտանգումները շատ: Էս մեր օրենքն ավելի շատ արդարադատության դեմ է ուղղված: Կառավարությանը հորդորում եմ նման նախագծերն արտահերթ ռեժիմով չբերեն Ազգային ժողով և մեծ անակնկալի չբերեն»,- ասաց նա:

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը արձագանքեց` ասելով, որ ինքը մշտապես հարգալից վերաբերմունք է ցուցաբերում Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ, քանի որ իր դասախոսն է եղել և պարտավորված է պահել այդ հարաբերությունները:

 

Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց. «Ես ամուսնացած եմ, ինձ գովելու կարիք չկա, մարդի արդեն գնացել եմ»,: Ապա հավելեց. «Ուզո՞ւմ եք ինձ հակա հանեք քրեական իրավունքում, չեք կարա»:

 

Արդարադատության նախարարը նշեց, որ ինքը Գագիկ Ջհանգիրյանին հակադարձելու կարիք չունի:

 

«Հանձնվեք, հաճույք ստացեք, Մանուկյա'ն»,- ասաց Ջհանգիրյանը արդարադատության նախարարին: