կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-28 13:50
Քաղաքական

Թուրքիային ասել, թե` Արևմտյան Հայաստանը հետ վերադարձրեք, աբսուրդ է, մանկամտություն. ՀՀԿ-ական

Թուրքիային ասել, թե` Արևմտյան Հայաստանը հետ վերադարձրեք, աբսուրդ է, մանկամտություն. ՀՀԿ-ական

Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձել է Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու փաստին, որով պահանջվում  է վերադարձնել Սիս քաղաքում եղած կաթողիկոսարանը, Թուրքիայի հարավկենտրոնական հատվածում գտնվող Սբ Սոֆիայի տաճարը:

 

Պատգամավորը նշեց, որ եկեղեցին պետությունից անջատ է գործում և կարող է ներկայացնել համայնքային, գույքային պահանջ Թուրքիային: Ըստ նրա` 1915թ. ցեղասպանությունն ուղեկցվել է տարածքային զավթմամբ, և այն, ինչ հիմա իրականացվում է, դրա մասին հայտարարվել է մի քանի անգամ, որ Կիլիկիո կաթողիկոսությունը իրավական հարթության մեջ ներկայացնելու է պահանջներ: Արտակ Դավթյանի խոսքով՝ Կիլիկիո կաթողիկոսությունից խլվել է ունեցվածք, և կաթողիկոսությունը իրավական հարթության մեջ կարող է ներկայացնել պահանջներ:

 

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից արված այն հայտարարությանը, որ Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել և չի ներկայացնում, Արտակ Դավթյանը նշեց, որ ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան կայսրությունում, և բնականաբար, ցեղասպանությունը ճանաչելուց հետո պետք է լինի պատիժ ու հատուցում: Եվ այդ հատուցումը Թուրքիան, որպես իրավահաջորդ, պետք է իրականացնի, բայց թե ի՞նչ ձևով դա կիրականացնեն, դա կորոշվի Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչվելուց հետո:

 

«Հատուցումը կարող է լինել և' տարածքներով, և' գումարով: Բայց եթե մտածում եք, որ Հայաստանը պետք է ասի` Արևմտյան Հայաստանը հետ վերադարձրեք, իմ կարծիքով` սա աբսուրդ է, որովհետև ես չգիտեմ, թե դա իրողությունների հետ որքանով կապ ունի: Այո, Արևմտյան Հայաստանը դա մեր հայրենիքն է, բայց իրողությունները հետևյալն են, որ կայսրությունն իր սեփական քաղաքացիների հանդեպ իրագործել է ցեղասպանություն, և այս պարագայում ասել, որ քանի որ դա մեր պատմական հայրենիքն է, ուրեմն Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան պետք է հետ վերադարձնի այդ տարածքները, դա մանկամտություն է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: