Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The Guardian-ն իր խմբագրականում գրում է.
«Դժվար է ընդունել, որ այն պետությունը, որին դու պատկանում ես, հիմնվել է հանցագործության վրա, և որ պատմությունը, որ քեզ սովորեցրել են դպրոցում, լի է ստերով: Բայց դեռ չկա փրկություն առանց ապաշխարության, և հայերի դեմ ցեղասպանության արշավի մեկնարկի հարյուրամյա տարելիցին տխուր է գրանցել այն փաստը, որ Թուրքիան դեռևս չի ընդունել փաստը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին:
Պատասխանն, ընդհանուր առմամբ, հեշտ է, եթե մանրազնին ուսումնասիրես՝ բարդ: Հայերն, ովքեր Անատոլիայում են ապրել Կենտրոնական Ասիայից թուրքերի գալուց դեռ երկար ժամանակ առաջ, սպանվել են, տեղահանվել և բռնի մուսուլմանացվել:
Երկար ժամանակ աշխարհը ամոթալի կերպով հանցակից է եղել՝ հետևելով Թուրքիայի պնդումներին, թե 1915-ի դեպքերը ճիշտ չէ որպես «ցեղասպանություն» որակելը: Բայց ուսումնասիրությունները, այդ թվում՝ նաև որոշ թուրք մասնագետների աշխատանքը, նշանակալիորեն բացառել են այն թեզը, թե «պատերազմի ժամանակ տեղի են ունեցել վատ բաներ», մինչդեռ հայկական սփյուռքի հսկայական ջանքերով աստիճանաբար փոխվել է Եվրոպայում և Ամերիկայում հասարակության կարծիքը: Թեեւ ԱՄՆ-ը խուսափում է ցեղասպանություն բառից, ինչպես նաև` Մեծ Բրիտանիան, սակայն «ցեղասպանություն» բառի շուրջ ընթացող պատերազմում էական հաղթանակ է գրանցվել»:
Կայքն այնուհետև անդրադարձել է քրդերին` նշելով, որ կայսրությունը երկար ժամանակ պահում էր քրդերի ու հայերի միջև իշխանության և հողերի շուրջ մրցակցությունը, ինչի համար էլ նրանց կարողացան օգտագործել հայերի դեմ՝ իրենց նպատակն իրագործելու համար:
«Չնայած դրան, որ փորձ չի եղել քրդերին ֆիզիկապես ոչնչացնելու, նրանց լեզուն և ինքնությունը մերժվել է և ճնշումների են ենթարկվել: Այժմ` իրենց կրած դառը փորձությունից հետո, քրդերը ճանաչում և զղջում են 1915-ի իրադարձություններին իրենց մասնակցության համար: Որոշ, գուցե շատ էթնիկ թուրքեր նույնպես գիտեն, որ ազգային պատմությունը խնդրահարույց է»,- գրել է The Guardian-ը:
Կայքը նշել է, որ պաշտոնական Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր ծեծված առասպելին՝ զայրանալով և ամեն անգամ հետ կանչելով իր դեսպաններին, երբ «ցեղասպանություն» բառն է օգտագործվում: Եզրափակելով հոդվածը` կայքը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, ով նախորդ տարիներին հուսադրել է այդ հարցի վերաբերյալ, ըստ երևույթին, որոշել է անփոփոխ թողնել պետության ծագման վերաբերյալ պատմության աղավաղված տարբերակը: