Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: Հարկային պարտավորությունները չկատարելու և ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան, ըստ մեղադրանքի, պետությանը պատճառել է 500 մլն-ից ավելի դրամի վնաս: Սա նախնական վարկածն է, վնասի վերջնական թիվը պարզ կդառնա նախաքննության ավարտից հետո:
Իրեն մեղսագրված արարքների վերաբերյալ Հակոբ Հակոբյանի դիրքորոշման, նրա առողջական վիճակի և գործի վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է Հակոբյանի պաշտպան, իրավաբան Կարեն Սարդարյանի հետ:
- Պարո’ն Սարդարյան, ինչպե՞ս է Ձեր պաշտպանյալի առողջական վիճակը:
-Նրա առողջական վիճակն օր օրի սրվում է` ճնշումը մշտապես բարձր է, իսկ երիկամների ցավը հանգիստ չէ տալիս: Չնայած մեր միջնորդություններին` ՔԿՀ-ի վարչությունը մերժում է իմ պաշտպանյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրան երիկամի ստենտավորում կատարելու խնդրանքը: Նա ամեն օր ահավոր ցավերի մեջ է և ի վիճակի չէ մտածել իր իրավունքների պաշտպանության մասին: Իրավական առումով՝ նրան այդ վիճակում ՔԿՀ-ում պահելը խոշտանգում է:
-Ի՞նչ է պարզվել Հակոբյանի բժշկական վերջին հետազոտությամբ:
- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Աղաջանյանի կատարած հետազոտությամբ պարզվել է, որ հիվանդը տառապում է միզաքարային հիվանդությամբ, քրոնիկական պիելոնեֆրիտով՝ սրացման ստադիայում, և քրոնիկական պրոստատիտով: Հիվանդությանն ուղեկցվում է ջերմությամբ և աջ երիկամի կրկնվող նոպաներով: Մասնագետն անհրաժեշտ է համարել հիվանդին անհապաղ հոսպիտալացնելը:
-Ի՞նչ փուլում է քրեական գործի քննությունը:
-Նախաքննությունը դեռ շարունակվում է: Երբ նախաքննությունն ավարտվի, կծանոթանանք գործի ապացույցներին և կկարողանանք հստակ հայտնել մեր դիրքորոշում:
-Հակոբ Հակոբյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է:
-Ո’չ, որևէ դրվագով իր մեղքը չի ընդունում: Այն կազմակերպությունների, որտեղ իբր խախտումներ են հայտնաբերվել, նա ոչ թե տնօրենն է, այլ հիմնադիրը: Հարկ վճարողը հիմնադիրը չէ, հարկ վճարողը կազմակերպությունն է:
-Լինելով «ԿարԲեկ» և «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ների հիմնադիրը` ինչպե՞ս կարող էր առնչություն չունենալ ընկությունների գործունեության հետ:
-Իմ պաշտպանյալն ընկերությունների կառավարմանը չի մասնակցել, այդ պատճառով չգիտի՝ հարկային խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ, դրա համար էլ նա չի ընդունում իր մեղքը: Ես վստահորեն կարող եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի կալանքն անհիմն է, քանի որ այս քրեական գործը քանի տարի է` քննվում է, ինքն ամբողջ ընթացում եկել, քննությանը ներկայացնել է, նույնիսկ մասամբ մարումներ է կատարել՝ մոտ 40 մլն դրամ, երբ համոզվել է ՝ կա պարտավորություն:
-Այսինքն` ողջ մեղքն ընկնում է տնօրենների՞ վրա:
- Հակոբ Հակոբյանը շատ ճիշտ մարդկային պահվածք է ցուցաբերում: Նա կարող էր հանգիստ քաշվել մի կողմ, քանի որ իրավաբանորեն որևէ առնչություն չուներ, սակայն նա հայտարարել է, որ եթե պարզվի, որ այն ընկերությունները, որոնց հիմնադիրն ինքն է, հարկային խախտումներ են թույլ տվել, պատրաստ է պետությանը հասցված վնասը փոխհատուցել: Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախաքննական մարմնի հետ:
-Մի՞թե Հակոբ Հակոբյանը չի վերահսկել տնօրեններին:
-Նա հստակ ցուցում է տվել տնօրեններին և պահանջել ՝ աշխատել հարկային դաշտում: Նա ենթադրում է, որ նրանք աշխատել են հարկային դաշտում, սակայն եթե անգամ պարզվի, որ նրանք անզգուշությամբ կամ դիտավորությամբ ինչ-որ խախտումներ են արել , պատրաստ է անձամբ փոխհատուցել: Իսկ նման դիրքորոշում ունեցող մարդու նկատմամբ կալանք կիրառելը ճիշտ չէ: Եթե հիմնադիրը կասկածի, որ կառավարման մարմինն ինչ-որ խախտումներ է անում, նա իրավունք ունի ֆինանսական աուդիտ պահանջելու, այսինքն` ստուգելու ֆինանսական փաստաթղթերը: Սակայն իմ պաշտպանյալը վստահել է տնօրեններին, նա որևէ բան չի կասկածել, դրա համար էլ չի ստուգել:
-Դուք նշեցիք, որ Հակոբյանը նախաքննության ընթացքում պարտաճանաչ ներկայացել է քննությանը, որոշակի մարումներ է արել, այդ դեպքում ի՞նչն էր նրան ձերբակալելու պատճառը:
-Հակոբ Հակոբյանի ընկերությունների տնօրենները նրան ասել են, որ հարկային պարտավորություններ կատարել են, Հակոբյանն էլ առաջարկել է դիմել վարչական դատարան և հարկայինի ակտերը վիճարկել: Ենթադրվում է, որ դրանից հետո ֆիննախի քննիչները եկել ու Հակոբ Հակոբյանին ձերբակալել են: Նա զարմանում է, ասում է` ինչպե՞ս կարող էին իր կազմակերպությունը հարկային պարտավորությունները չկատարել, եթե գերավճարով են աշխատել: Նա առաջարկում է համատեղ փորձաքննություններ անցկացնել և պարզել իրականությունը:
-Եթե պարզվի, որ խախտումներ եղել են, Ձեր պաշտպանյալը պատրա՞ստ է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը:
-Հակոբ Հակոբյանը գույք ունի թե' Հայաստանում, թե' արտասահմանում: Նա պատրաստ է այդ գույքը վաճառել և փոխհատուցել, եթե, իհարկե, պարզվի մեղավորությունը:
-Խոսակցություններ կան, որ Հակոբ Հակոբյանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի:
- Հակոբ Հակոբյանն ինձ նման բան չի հայտնել: Մենք այս գործում քաղաքական պատվեր չենք տեսնում, սա ֆինանսական ոլորտի գործ է:
-Առաջիկայում գործի հետ կապված ի՞նչ անելիքներ ունեք:
-Մեր առաջնային խնդիրը նրա առողջական վիճակն է, երկրորդը՝ խափանման միջոցի փոփոխությունը:
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ