կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 14:20
Քաղաքական

Վարչապետն անձամբ է զանգել Հակոբ Հակոբյանին

Վարչապետն անձամբ է զանգել Հակոբ Հակոբյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նոր կառավարությունը խթանում է բիզնեսի վիճակի լավացումը: Այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Որպես օրինակ՝ պատգամավորը նշեց իր ընկերության և ՏՄՊՊՀ-ի միջև եղած դեպքը, երբ իրեն տուգանելու որոշում էր կայացրել հանձնաժողովը: Պատգամավորը պատմեց, որ վարչապետն անձամբ է զանգահարել իրեն, հետաքրքրվել, թե ի՞նչ է եղել, հրավիրել է իր մոտ զրույցի:

«Մենք գնացինք, ներկայացրինք ամեն ինչը: Մյուս կողմին, չգիտեմ, լսել է, ինչ է ասել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ վերջերս ՏՄՊՊՀ-ն 110 միլիոն դրամով տուգանել էր «Կիլիկիա»-ին գերիշխող դիրքի չարաշահման համար: Հակոբյանը համաձայն չէր այս որոշման հետ և հայտարարել էր, որ պատրաստվում են դատի տալ ՏՄՊՊՀ-ին: Այս ամենից հետո կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակային դիտողություն արեց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանին:

«Օրենքն ասում է, որ ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կարող եք դիմել հանձնաժողովին, եթե ոչ` դատարան: Մենք օրենքով ենք շարժվել, փաստաթուղթ ենք ստորագրել, որ քննարկման ժամանակ մեզ հրավիրեն»,- ասաց Հակոբ Հակոբյանը, ով վստահ է, որ այս պատմությունը լավ կավարտվի, քանի որ իրենք օրինական դաշտում են գործել ու գործում:

Հարցին, թե ինչո՞ւ են ցանկանում իրեն տուգանել, փո՞ղ է հարկավոր, նա պատասխանեց. «Իրենց հարցրեք»: