կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 17:50
Առանց Կատեգորիա

Օբաման Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիային չի սիրաշահի

Օբաման Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիային չի սիրաշահի

Հռոմի պապի և Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվելուց հետո Թուրքիայի ամենամեծ մտավախությունը և հայության ամենամեծ սպասելիքը կախված է Վաշինգտոնից. ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջապես կարտաբերի՞ «ցեղասպանություն» եզրույթը, որի փոխարեն նա կիրառում է «Մեծ եղեռն» բառակապակցությունը:

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում է Վաշինգտոն՝ դիվանագիտական ջանքերով կանխելու դրա հնարավորությունը: Չավուշօղլուն, որը Սպիտակ տան վրա փորձելու է ճնշում գործադրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջոցով, մեկնում է բավական պատկառելի պատվիրակությամբ, ինչը վկայում է այն մասին, որ Անկարայում բարձր են գնահատում ԱՄՆ նախագահի շուրթերից իրենց համար անցանկալի այդ եզրույթի արտաբերման հնարավորությունը: Եվ նրանք ունեն մտահոգվելու պատճառներ, որոնք ի հայտ են բերում ներամերիկյան և աշխարհաքաղաքական մի քանի գործոններ:

 

Առաջին նախադրյալը Հռոմի պապի կողմից Ցեղասպանության ճանաչումն էր: Այն հզոր հոգեբանական ճնշում է մեծ թվով կաթոլիկներ ունեցող ԱՄՆ-ի ղեկավարի վրա: Իր պահվածքով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում, Պապը սահմանեց լիդերի բարոյական նոր չափորոշիչ, և հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն որակելուց հրաժարվելը նրա հայտարարության ֆոնին ընկալվելու է որպես վախկոտության և համամարդկային արժեքերին դավաճանելու դրսևորում: Օբամայի պարագայում սա նուրբ հարց է, ոչ միայն այն առումով, որ աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարն է, այլև` հաշվի առնելով, որ մինչև նախագահ ընտրվելը նա բազմիցս տվել է Ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ:

 

Երկրորդ՝ Օբաման սպառում է պաշտոնավարման երկրորդ ժամկետը և, ինչպես ցանկացած հեռացող նախագահ, առաջնորդվում է ինչ-որ բանով իր հետքը պատմության մեջ թողնելու մոտիվացիայով: Հեռանալուց առաջ Ցեղասպանության ճանաչման խոստումը կատարելը կարող է լինել դրա լավագույն միջոցը:

 

Երրորդ՝ ԱՄՆ-ում 2016-ին սպասվում են նախագահական ընտրություններ, որտեղ դեմոկրատների շանսերը համեմատաբար թույլ են: Իր կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածուի, ամենայն հավանականությամբ` նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար, ի դեմս ամերիկահայության, լրացուցիչ ընտրազանգված մոբիլիզացնելու համար Օբաման կարող է կատարել այդ քայլը:

 

Չորրորդ՝ Թուրքիան փաստացի դադարել է լինել ԱՄՆ-ի «կրտսեր եղբայրը» Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն անտարբերության մատնեց աստիճանաբար իր վերահսկողությունից դուրս գալու և անկախ խաղացողի վերածվելու` Թուրքիայի հավակնությունները: Բայց ակնհայտորեն ոգևորված չէ ստրատեգիականի ձգտող այն հարաբերություններով, որոնք հաստատվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Թուրքիան արդեն գլխացավանք է դառնում ԱՄՆ-ի համար նաև մերձավորարևելյան իր պլաններում: Դրա դրսևորումը «Իսլամական պետությանն» Անկարայի անթաքույց օժանդակությունն է, Սիրիայում հակաասադական զինված պայքարում ահաբեկչական խմբավորումներ ներդնելը և դրանց միջոցով այդ երկիրը յուրացնելու փորձերը: Այդ գլխացավանքը չեզոքացնելու համար, թերևս, ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրերի հարցում մեղմացրեց դիրքորոշումը, որի հետևանքը լինելու է տարածաշրջանում, Իրանի գործոնն ուժեղացնելով, Թուրքիային հակակշռելը:

 

Մյուս կողմից` Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է դեպի արևելք Անկարայի ձգտումների ճանապարհին նաև Հայաստանի` սուբյեկտ լինելն ընդգծելը: Թվում է, թե այդ եզրույթն օգտագործելու համար Օբաման կարող է օգտվել նաև նրանից, որ ոչ թե ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այլ միայն վերահաստատում իր նախորդների կողմից այդ ուղղությամբ արդեն արված քայլը, ինչպես դա արեցին Հռոմի պապը և Եվրախորհրդարանը: 1981թ. ապրիլի 22-ին Հոլոքոստի հիշատակի օրվա առիթով արած իր հայտարարության մեջ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն արդեն հիշատակել էր Հայոց ցեղասպանությունը, թեև հենց Ռեյգանն էլ ամեն ինչ արեց այդ հարցն ԱՄՆ արտաքին քաղաքականությունից երկարաժամկետ կտրվածքով դուրս մղելու համար: Օբաման հասկանում է, որ, զուտ հետևանքների առումով, Ռեյգանին կրկնել չի հաջողվելու, ի տարբերություն Վատիկանի և Բրյուսելի: Որովհետև այն ժամանակ միջազգայնորեն ճանաչման հարցն այսպիսի ընդգրկում չուներ, իսկ պահանջատիրության հարցում հայերը որևէ որոշակիություն չունեին: Մինչդեռ հիմա իր կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հանգեցնելու է Թուրքիայի համար չափազանց լուրջ իրավա-քաղաքական հետևանքների, որից Անկարայում ուղղակի սարսափում են:

 

Թերևս ավելի շատ հենց այդ հանգամանքը կարող է դառնալ ընդգծումն անելուց` Օբամայի խուսափելու հիմնական պատճառը, որի համար էլ Անկարան Չավուշօղլուի գլխավորությամբ «դեսանտ» է իջեցնում Վաշինգտոնում: Իրականում Թուրքիայի այս մտավախությունը լուրջ գործիք է ԱՄՆ-ի համար: Ինչ-որ իմաստով հարցն առկախված թողնելն ավելի մեծ խնդիր կարող է լուծել Վաշինգտոնի համար, քան Ցեղասպանությունը վերջնականապես ճանաչելը՝ Անկարայի սանձերը քաշելու և նրան զիջումների դրդելու առումով: Եվ որպեսզի մեծացնի այդ հնարավորությունը, Վաշինգտոնն անպայման ցույց կտա, որ ներկա պահին ավելի է հակված Ցեղասպանության ճանաչմանը, քան երբևէ, և ընդամենը «մազ է պակասում»` այդ քայլն անելու համար:

 

Թերևս պատահական չէր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը, ամենայն հավանականութամբ, ներկայացված չի լինի Չանաքքալեի միջոցառումներին՝ պատճառաբանելով, թե ԱՄՆ-ն Առաջին աշխարհամարտի մասնակից չի եղել: Դրան զուգահեռ, սակայն, մինչև վերջին պահը չի նշվում, թե ԱՄՆ-ն ինչ մակարդակով է պաշտոնական պատվիրակություն ուղարկելու Երևան՝ թերևս այդ հարցում կոնկրետացումը կապելով Չավուշօղլուի այցի արդյունքների հետ:

 

Բայց, մյուս կողմից, շրջանառության մեջ է դրվում նախագահի թեկնածու դարձող Հիլարի Քլինթոնի՝ Երևան հնարավոր այցելության թեման՝ ցույց տալու, որ ճանաչման հարցն առնվազն դուրս չի մղվելու ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգից: Չի բացառվում նաև, որ Վաշինգտոնում, որպես այդ բառը չարտասանելու «փրկագին», Թուրքիային առաջարկեն վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ առանց ԼՂ հարցում նախապայմաններ առաջադրելու: Բայց դա մի գին է, որը պետք է վճարի նաև պաշտոնական Երևանը, որն այդպես էլ հրաժարվեց ետ կանչել իր ստորագրությունն արձանագրություններից:

 

Գևորգ Դարբինյան