Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին ԱՄՆ-ում քննարկվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան ապրիլի 23-24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նշենք, որ Հիլարի Քլինթանը հայտնել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Yerkir.am-ի այն հարցին, թե իմաստ ունի՞ սպասել տիկին Քլինթոնի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը, եթե նախագահ դառնալուց հետո թեկնածուները այդպես էլ չեն կիրառում այդ բառը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը պատասխանեց, որ Քլինթոնը եթե անգամ արտասանի «ցեղասպանություն» եզրույթը, ապա դա կանի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ դիվիդենդներ շահելու նպատակով` հաշվի առնելով Ամերիկայի հայկական համայնքի կշիռը:
Պատգամավորը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
«Կարծում եմ` Քլինթոնը, եթե գա Հայաստան ու օգտագործի «ցեղասպանություն» բառը, ապա սեփական PR-ի համար կանի: Պարզապես մենք միշտ էլ հույս ունեցող ժողովուրդ ենք, հեշտ խաբվող ու այս անգամ էլ հույսեր կունենանք, որ գոնե Քլինթոնն ավելի հումանիստ կգտնվի, կօգտագործի «ցեղասպանություն» բառը, և ԱՄՆ-ը, ի վերջո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ամբողջ աշխարհը կճանաչի»,- ասաց Համլետ Հարությունյանը` հավելելով, որ, իր կարծիքով, ԱՄՆ առաջիկայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Համլետ Հարությունյանը կարծում է, որ քրիստոնյա աշխարհը միշտ դեմ է կանգնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ եթե այդ պետությունները` Անգլիան, Գերմանիան, կանգնեին հայերի կողքին, ապա ցեղասպանություն չէր լինի:
Արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱՄՆ նախագահի թեկնածուները հնչեցնում են «ցեղասպանություն» բառը ընդամենը իրենց հայ ընտրողներին սիրաշահելու ու չնեղացնելու համար, բայց, ելնելով իրենց քաղաքական առաջնահերթություններից, հետագայում խուսափում են արտասանել «ցեղասպանություն» եզրույթը` բավարարվելով հայերի ու թուրքերի միջև ոսկե միջինով` «Մեծ եղեռն» արտահայտությամբ:
«Մենք չպետք է կառչենք որևէ պետության ղեկավարի արձագանքից կամ արտահայտությունից: Հռոմի պապի օրինակը ցույց է տալիս, որ ով արդարամիտ է, ով հումանիստ է, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ուշ թե, շուտ, չլինի Օբաման, ապա մեկ այլ ԱՄՆ նախագահ անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց պատգամավորը` շեշտելով, որ հայերի նպատակը թուրք ազգին հակադրվել չէ, այլ` որ թուրքական իշխանությունները միանան Հայաստանին ու միասին դատապարտեն Հայոց ցեղասպանությունը: