Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-04 13:20
Հասարակություն

Հիշում եմ միայն կարմիր ֆեսերով, ժանտ դեմքերով զինվորներ, քաղց, լաց, աղմուկ-աղաղակ և արյուն

Հիշում եմ միայն կարմիր ֆեսերով, ժանտ դեմքերով զինվորներ, քաղց, լաց, աղմուկ-աղաղակ և արյուն

 

Գոհար Մատիկյանի պատմությունը

1911 թ., Ալաշկերտ, գյուղ Յոնջալու

 

Վահե Վարդանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի մոր պատմությունը: Նա պատմել է, որ ամբողջ ընտանիքով դաշտում են եղել, երբ գյուղից հասել է խռովությունների մասին լուրը: Հայրն ու հորեղբայրները կանանց ու երեխաներին սայլերն են նստացրել ու ճանապարհել, իսկ իրենք մնացել են` կռվելու թուրքի դեմ: Ճանապարհին 4-ամյա Գոհարը կորցրել է բոլոր հարազատներին ու հայտնվել որբանոցում:

 

«Զիս մի’ մոռնար. այսպես են արևմտահայերեն անվանել անմոռուկին… Գուցե իսկապես մեծ խորհուրդ կա նրանում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն այս ծաղիկն է՝ հիշողության, հուշի ծաղիկը: Հիշում եմ տատիս արցունքները, երբ պատմում էր իր մայրիկի գերդաստանի պատմությունը: Մարմնովս սարսուռ է անցնում…

 

«Գարունը նոր էր բացվել: Ամբողջ տնով`տասնութ հոգի`կին,երեխա,տղամարդ, դաշտում էինք: Տանը մնացել էր միայն հորաքույրս ,որ կեսօրին տաք ճաշ բերեր: Նույնիսկ «գրկանոց» եղբայրս էր հետներս, որին մայրս քնեցրել էր ստվերում:

 

Յուրաքանչյուրս, մեր ուժի համապատասխան, քարեր էինք հավաքում արտից, իսկ հորեղբայրներս արտի վերին հատվածում չորս լուծ եզով սկսել էին վարը: Պապս, գոգնոցը կապած, սերմնացուն փեշից բուռ-բուռ հանում ու երգելով շաղ էր տալիս, իսկ երիտասարդ հարս ու աղջիկ ցածրաձայն, քթի տակ ձայնակցում էին:

 

Առավոտյան արդեն լավաշ, խաշած ձու, հորած պանիր էինք կերել արտի եզրին նոր-նոր դուրս եկած դաղձի հետ: Ճաշի ժամ էր: Աչքներս մնացել էր գյուղից եկող ճանապարհին: Քիչ հետո հեռվից` երկու բլուրի արանքից, երևաց հորաքույրս: Ոտքով էր: Ձեռքերն ու էշի մեջքը դատարկ էին: Տատս, ինչ-որ վտանգ զգալով, ձեռքը դրեց ճակատին ու մի քանի քայլ առաջ գնաց…

 

-Գեղում խլրտուք կա, խռովություն է ընգե,- հևալով ասաց Զմե հորաքույրս (ես հետո, շա~տ ուշ իմացա, որ անունը Զարմանդուխտ էր): Հորեղբայրներս երեք լուծ եզներն արձակեցին, լծեցին սայլերին ու մեզ գյուղ ուղարկեցին:Կանայք արագ-արագ, տատիս հրահանգները կատարելով, հավաքում էին ինչ-որ բաներ, իսկ տղամարդիկ բարձում էին սայլերին: Վերջին պահին, երբ պիտի մայրս ինձ էլ դներ սայլին, ոտքս ընկավ տան կողքով անցնող առուն: Տատս անխոս հանեց գուլպաս, ծոցից` մի բուռ բուրդ, փաթաթեց ոտքիս, ու ինձ դրեցին գոմեշի վրա դրված գույնզգույն խուրջինը: Մեզ ուղեկցեցին մինչև հարևան գյուղի վերջը:

-Ամի~,բա դու~,-լաց եղա հեռացող հորեղբորս ետևից:

 

-Ես ջանֆիդա եմ դառնալու…

 

Այդ էր: Այլևս չտեսա ո’չ մեր գյուղը, ո’չ հորս, ո’չ չորս հորեղբայրներիս ու ո’չ էլ պապիս: Մնացած տասներեքից տասնմեկն ինչպես բաժանվեցին կամ ճանապարհի որ հատվածում կորան, իմ` չորսամյա աղջնակիս հիշողության մեջ քիչ բան է մնացել: Հիշում եմ միայն կարմիր ֆեյսերով, ժանտ դեմքերով զինվորներ, քաղց, լաց, աղմուկ-աղաղակ, արյու~ն, արյու~ն, արյու~ն»:

 

-Հուզվեց մայրս, դեմքը, պարանոցն ու ականջները կարմրեցին: Հասկացա, որ շատ բան էր հիշում, սակայն չուզեց վերապրել գաղթի ահասառսուր տեսարաններն ու մեզ էլ վշտացնել,- ավելացրեց տատս:

 

-Հետո՞…հետո՞, մա’յր,- վրա էինք տալիս ամեն կողմից:

 

-Հետո՞…Հետո մանկատուն: Էջմիածնում գտա հորեղբորս աղջկան: Նա ինձնից հինգ-վեց տարի մեծ էր: Երբ հարցրի Գյոզալին (այդպես էր անունը),թե ուր մնացին մերոնք, աչքերը կախեց ու ասաց, թե չի հիշում, որովհետև քաղցից շա~տ նվաղած է եղել… «Գոհա’ր ջան, դու էլ մի’ հիշիր, բարձրաձայն չխոսես այդ մասին, թե չէ մանկատան «էն չար կինը» կծեծի»,-ասաց քույրս: Ես,անսալով քրոջս խոսքին, բարձրաձայն չհիշեցի, բայց մոռանալ չկարողացա: Դուք էլ չմոռանաք…

 

-Վահե’, մայրս ինձ մեկ անգամ է պատմել, ես էլ`քեզ: Դու էլ չմոռանաս,-ասաց տատս:

 

-Որդի’ս, ասունն անասունից նաև հիշողությամբ է տարբերվում…»: