Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, տեղի կունենա թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի համերգը` հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ: Համերգը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալան Ալթինօղլուն նշեց, որ ծնվել է Ֆրանսիայում և հայերեն այնքան էլ լավ չի խոսում /համեստություն է անում/, թեեւ տանը հայրն ու մայրը բացառապես հայերեն են խոսել: Այժմ ինքն էլ որդու հետ է հայերեն խոսում: Ալանի կինը ֆրանսուհի է, հայերեն հասկանում է, բայց չի խոսում:
«Ինչ վերաբերում է ազգանվանս` ոչ հայեցի լինելուն, դա էլ իր պատմությունն ունի: Մեր ազգանունը Ալթունյան է, և 1934-ին, երբ թուրքերը պարտադրում էին հայերին փոխել իրենց ազգանունները, մենք էլ ստիպված էինք փոխել Ալթունյանն Ալթինօղլուի: Սա ոչինչ չի նշանակում, ես գիտեմ, որ ես հայ եմ, ես սրտով հայ եմ»,- ասաց Ալթինօղլուն:
Խոսելով ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին` դիրիժորը նշեց, որ երեկ արդեն մեկ փորձ է արել նվագախմբի հետ և հաճելիորեն զարմացած է երաժիշտների պրոֆեսիոնալիզմից: «Այս ամենի մեջ իր մեծ դերն ունի նաև Էդուարդ Թոփչյանը: Նրա հետ աշխատելն ուղղակի հաճույք է»,- ասաց նա:
Էդուարդ Թոփչյանն իր հերթին նշեց, որ տարիներ առաջ, երբ լսել է Ալթինօղլուի մասին, չի ճանաչել նրան: «Երբ ինձ հարցրին, թե արդյո՞ք գիտեմ Ալան Ալթինօղլուին, ասացի` ոչ: Հետո փնտրեցի նրա անունը, և առաջինը, որ տեսա, բավական երկար ու հարուստ կենսագրությունն էր` չնայած երիտասարդ տարիքին: Նա լավ գիտի իր գործը, և ես ուրախ եմ, որ մենք ունենք անուններ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանն ու Ալան Ալթինօղլուն»,- ասաց նա:
Համերգային ծրագրում կհնչեն Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտը, Վագների «Լոհենգրին» օպերայի առաջին և երրորդ գործողությունների նախանվագներ և Ռավելի «Իսպանական ռապսոդիա»-ն, «Դափնիս և Քլոյե» թիվ 2 սյուիտը: