Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
20-րդ դարի սկզբում հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցին ընդառաջ` Ֆրանցիսկոս պապը նախատեսում է ծառայություն անցկացնել Զատիկին հաջորդող կիրակի օրը Հայկական կաթոլիկ եկեղեցում: Երկու տարի առաջ քահանայապետը այդ զանգվածային սպանություններն անվանել է «ժամանակակից դարաշրջանի առաջին ցեղասպանություն»:
CRUX կաթոլիկ լրատվական կայքը, անդրադառնալով խնդրին, գրել է, որ Մերձավոր Արևելքի տարբեր անկյուններում տեղի ունեցած հակաքրիստոնեական բռնությունները Պապի համար ավելին են, քան պարզապես պատմական իրադարձություն:
Ապրիլի 12-ի պատարագը մի մասն է միայն այն մեծ արշավի, որն անցկացնում են հայերը՝ իրենց տառապանքները հիշողության մեջ կենդանի պահելու համար:
Ապրիլի 23-ին` երեկոյան ժամը 19:15-ին, ղողանջելու են աշխարհի հայկական եկեղեցիների զանգերը (ժամն ընտրված է որպես 1915 թվականը խորհրդանշող թիվ): Լուռ են մնալու միայն Թուրքիայում դեռ գործող մի քանի հայկական եկեղեցիները:
Գիտնականները համարում են, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ 1-1.5 մլն հայ, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, սպանվել կամ վտարվել իրենց պատմական հայրենիքից, որի տեղում այժմ Թուրքիան է: Դա հաճախ անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որը խթան էր Նացիստական Գերմանիայի, Կամպուչիայում իրականացրած ցեղասպանությունների համար:
Շատերը Հայոց ցեղասպանության արձագանքներն այժմ տեսնում են իրեն «խալիֆաթ» անվանած «Իսլամական պետության» գործողություններում, որը քրիստոնյաներին և այլ ազգային փոքրամասնություններին դուրս է հանում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Առավել հավանական է, որ ապրիլի 12-ի հիշատակի արարողությունը դիվանագիտական հակասություններ կարթնացնի, քանի որ Թուրքիան պաշտոնապես պնդում է, որ մեկ դար առաջ տեղի ունեցածը քաղաքացիական պատերազմի և խռովությունների արդյունք էր, և որ հայերի մահերն ուռճացված են: Թուրքերը պնդում են նաև, որ նույն ժամանակահատվածում մահացել են մեծ թվով թուրքեր, քուրդեր և արաբներ:
Հայերի հանդեպ իրականացված հետապնդումների մասին պարբերաբար գրող իտալացի լրագրող Մարկո Տոսատտին ասում է, որ սա ոչ միայն պատմաբանների գործն է, այլև Թուրքիայինը՝ «անվերապահորեն ընդունել սեփական անցյալը»:
Ըստ Տոսատտիի՝ Օսմանյան կայսրությունը 600-ամյա պատմության ընթացքում հպարտանում էր` իր բազմազգ և բազմակրոն լինելով: Սակայն 20-րդ դարի սկզբին այն սկսեց քանդվել, և նոր Թուրքիայի ազգայնական «ճարտարապետները» որոշել էին, որ ազգային փոքրամասնությունները պետք է հեռանան, որովհետև նրանք կխոչընդոտեն մեկ ազգային ինքնությամբ և մեկ կրոնով պետության գաղափարին:
Թուրքիայի հույները, բուլղարացիներն ու հայերը հայտնվում էին օրեցօր աճող ճնշման տակ: 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալել են հայկական համայնքի ավելի քան 200 ղեկավարների, իսկ նրանցից շատերին՝ մահապատժի ենթարկել: Այս գործողություններով էին սկսվել մինչև 1923 թվականը տևող համակարգված կոտորածն ու բռնի տեղահանությունը:
Ըստ Տոսատտիի՝ ժամանակակից Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը հերքելու պատճառներից մեկն այն է, որ նոր Թուրքիան ստեղծվել հայերի թափած արյունով պատված քարերի վրա: «Նոր թուրքական հանրապետության հիմքում մեղքն է, որի հետ այն չի կարողանում հաշվեհարդար տեսնել»,– ասում է լրագրողը:
Վատիկանում Ցեղասպանության հիշատակի արարողությանը ներկա են գտնվելու Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Նախքան Հռոմի պապ դառնալը Ֆրանցիսկոսն անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանն իր «Դրախտում և Երկրի վրա» գրքում: Ապագա Պապն ասում էր, որ «աշխարհը լվանում էր իր ձեռքերը, երբ տեղի էին ունենում այդ զանգվածային սպանությունները»: «Օսմանյան կայսրությունն ուժեղ էր, իսկ աշխարհը պատերազմում էր և նայում այլ ուղղությամբ»,– ասել է նա: