կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 15:53
Տնտեսական

Տնտեսագետները էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն են տեսնում

Տնտեսագետները էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն են տեսնում

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով` Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի գնումը հերոսություն էր: Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ՀԷՑ-ի ներկայիս քաղաքականության մասին, նա նշեց, թե, իր կարծիքով, հայ գործարարի կողմից ընկերությունը գնելը նվիրատվություն էր, որովհետև այն գտնվում էր ահավոր խայտառակ վիճակում. ներկայումս ՀԷՑ-ի արդիականացման ու նորոգման համար հարկավոր է նվազագույնը 300-ից մինչև 500 միլիոն դոլար:

«Նման գործարք, որպես կանոն, գործարարները, որքան էլ հարուստ լինեն, չեն անում: Սամվել Կարապետյանը գնաց այդ քայլին, և ես վստահ եմ, որ նվազագույնը մեկ տարի է անհրաժեշտ` համակարգը խելքի բերելու համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը եւ կարծիք հայտնեց, որ քաղքենի մոտեցում է՝ մտածել, որ եթե Սամվել Կարապետյանն այլ նվիրատվություններ է անում, ուրեմն թող մի փոքր էլ իջեցնի էլեկտրաէներգիայի գինը:

Տնտեսագետը վստահ է, որ երբ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը բերի արդյունավետ վիճակի, այդ ժամանակ անգամ էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցնի: «Իհարկե, ոչ այսօր, ոչ վաղը, բայց մենք հոսանքի սակագնի իջեցման հնարավորությունն ունենք»,- ասաց նա:

Մեկ այլ տնտեսագետ` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ կորուստների նվազեցման արդյունքում ՀԷՑ-ը նվազեցնի էլեկտրաէներգիայի գինը, ասաց. «Ես հավատում եմ, որ ՀԷՑ-ի գործարքը` Ռուսաստանից ետ գնելը, ճիշտ էր: Միայն սխալն այն է, որ մոնոպոլիա է դարձյալ: Ես ՀԷՑ-ը կբաժանեի 3-4 ձեռնարկության: Այնուամենայնիվ, գործող վիճակը շատ ավելի լավն է, քան ռուսների տնօրինության ժամանակ. ի վերջո, հայտնվել է մասնավոր սեփականատեր, որը չի կարող ինքն իրենից գողանալ»:

Ինչ վերաբերում է հոսանքի սակագնի նվազեցմանը, Բագրատյանը կարծիք հայտնեց, որ նման շանս Հայաստանն ունի, որովհետև մեր հոսանքի 40 տոկոսը արտադրվում է ատոմակայանի կողմից, 30 տոկոսը` ՀԷԿ-երի, 30-ը` ՋԷԿ-երի: Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիան արժե 48 դրամ, Վրաստանում՝ 28 դրամ, Ռուսաստանում՝ միջինը 20 դրամ, Ուկրաինայում` 18 դրամ, մինչդեռ ամենաէժան հոսանքը Հայաստանում պետք է լիներ: