|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
«ՅՈՒՍԱԲԵՐ», Կահիրե, 1915, թիւ 1, մարտի 30
ՅԻՇԵՑԷՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Շղթայված գրաքննութեամբ եւ պատերազմիկ սուիններով, մենք Պօլսի կղզիացած բնակիչներս, խապրիկ, լուր, նորութիւն չունինք ձեզանից…
… նոյն իսկ պատերազմի հօգերի հանդէպ, դուք չէք տասներորդ, հարիւրերորդ մասն անգամ ունենալ այն ցաւերի, դարտի ու վտանգների, որոնց ենթարկված է Արեւելքի այսօրվան ռազմադաշտը-Հայաստան Աշխարհը, ձեր սիրած Վաթանը, որի համար, գիտեմ, այսքան տարիներ շատ խոհեր, շատ երազներ, շատ ծրագրեր ունեցաք, ու այսօր նրանց իրականցման կը սպասէք` սրտատրոփ ու անհամբեր:
Հերիք չէր մեր սովորական ցաւը, այժմ էլ պատերազմը եկաւ, իր ահաւոր աղէտներով քամելու Հայրենիքի վերջին հիւթերը, տրորելու դեռ կանգուն մնացածը, կենդանի մնացորդները ժողովրդական աշխատանքի, տարածելու այն աւերմունքը, որ բաժին ու բաղդն է մէն մի ռազմադաշտի, այն էր արեւելեան, ուր Ոճիրը սանձ չունի, եւ Արդարութիւնը հալածական է մշտապէս…
Յիշեցէք, հեռաւոր հայրենակիցներ, այդ Վաթանը, որ ձերն է, եւ այսօրվան կրկնակ դժբաղդութեան մէջ կրկնակ կարիք ունի ձեր աջակցութեան, ձեր սիրոյն, ձեր քնքոյշ վերյիշումներին: Նրան նւիրեցէք ձեր խօսքը` օտարների առջև, ձեր պաշտպանութիւնը` անդադար յարձակման հանդէպ, ձեր լուման`ի դիմաց ծով կարիքների:
Դէպի Վաթան դարձրէք ձեր աչքերը եւ այն օրերին, երբ սրտապնդիչ լուրեր կունենաք եւ այն սեւ ժամերին, երբ մռայլ գոյժերը կը գան փոթորկելու ձեր սրտերը: Վաթանի մասին խորհեցէք անհատապէս եւ հաւաքաբար: Անհատական սիրոյ մէջն է Վաթանի բաղդը: Հաւաքական սիրոյ մէջ` նրա ոյժը: Միացրէք այդ երկուսը: Եւ ձեր Հայրենիքը, կռթնած նրա վրա, կը դիմադրէ բոլոր փոթորիկներին, ու յաղթական կանցնի բոլոր վտանգների միջից` դէպի վաղվան այնքան փափագված օրը…
1915 թւականը համաշխարհային ցնցումների ու մրրկի այս տարին, երկունքի ենթակայ Մայրն է` անակնկալների, տակնուվրայութեան, անկումների ու բարձրացման, -ակում Բռնապետութեան ու բարձրացում շղթայակապ Ազատութեան:
Մի մոռացէք Հայրենիքը:
Կ. Պօլիս
Է. Ակնունի