Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ»-ը գրում է. «Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երեք հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ պոպուլիստական որոշումների կայացում, վիճակագրական մանիպուլյացիա և գրագողություն։
Մոտեցումներն այս վկայությունն են այն ցավալի ճշմարտության, որը Փաշինյանի կաբինետը նույնիսկ մեկ տարվա գործունեությունից հետո դեռևս չունի հստակ ռազմավարություն, երկարաժամկետ քաղաքական փիլիսոփայություն և գաղափարներ ստեղծելու ու կյանքի կոչելու կարողություն։
Առանձնացված բոլոր խնդիրները ունեն շղթայական տրամաբանություն, այսինքն՝ մեկը մյուսի շարունակությունն է կամ էլ դրսևորման պատճառը։ Ռազմավարության բացակայությունը հանգեցնում է կարճաժամկետ պոպուլիստական որոշումների, իսկ վիճակագրական մանիպուլյացիան և գրագողությունը հետևանքն են քաղաքական փիլիսոփայության և գաղափարաստեղծման չգոյության։
Ռազմավարության բացակայությունը հատկապես դրսևորվեց վերջին օրերին, երբ Հայաստանի հյուսի-արևելքում պայթեց անտառագողության հիմնախնդիրը։ Սա իսկապես լրջագույն քննություն էր պետության համար, որը կառավարող թիմը հանձնեց մասնակի։ Առաջին տպավորությամբ, իշխանությունը վճռական և անշեղ գնահատական տվեց բնության ապօրինի ոչնչացման պրակտիկային, բայց այդ գնահատականն ընդամենը տեղային նշանակություն ուներ, քանի որ սահմանափակվում էր մեկ խնդրով՝ Իջևանի անտառներով։ Հիմնախնդրի և դրա շուրջ ծավալվող բանավեճերի համատեքստում այդպես էլ պարզ չդարձավ Փաշինյանի կաբինետի ռազմավարությունը կենսական միջավայրի պահպանման և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Կարծես թե այդպիսի ռազմավարություն պարզապես չկա, և նրանք բոլոր խնդիրներին արձագանքում են առանձին-առանձին, ըստ քաղաքական նպատակահարմարության և շահախնդրության։ Իջևանի անտառների պարագայում նպատակահարմար է կտրուկ արձագանքը, իսկ Ամուլսարի պարագայում՝ անկարող լռությունը, առաջին դեպքում պետությանը չի կարելի շանտաժի ենթարկել, իսկ երկրորդ դեպքում շանտաժը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև խրախուսելի։
Սա ընդամենը մեկ օրինակ է, անշուշտ, խնդիրն առկա է կառավարման և կեցության գրեթե բոլոր ոլորտներում՝ տնտեսականից մինչև կրթական ու մշակութային։ Ինչևիցե, անցնելով առաջ՝ արձանագրենք հետևյալը․ պետությունը չի կարող կառավարվել կարճաժամկետ պոպուլիստական որոշումներով, ռազմավարական կարգավիճակ ունեցող ոլորտները պետք է ունենան իրենց հստակ ռազմավարություններն ու համընդհանուր խաղի կանոնները։ Ո՞րն է Հայաստանի բնապահպանական քաղաքականության ռազմավարությունը, ի՞նչ խաղի կանոնների հետ մենք գործ ունենք և որո՞նք են դրանցից տիրապետող։
Ինչպես նախորդ հոդվածում էինք նշել, կառավարող թիմի առաջադրած հիմնական հարցադրումը հետևյալն է․ինչպե՞ս պահել բարձր վարկանիշը։ Այս տրամաբանությամբ կառավարության գործունեությունը փոխակերպվել է վարկանիշափրկության տենդագին փորձի։ Նրանք ամեն առիթով և անընդհատ փորձում են փրկել վարկանիշն ու ժողովրդին ներքաշել չվերջացող հրավառության մեջ, որտեղ գերակայող է փառաբանությունն ու գոհունակությունը։ Մոտեցումն այս երբեմն հանգեցնում է զավեշտալի դրսևորումների․աղբահանության մեկ հաջողված օպերացիան ներկայացվում է որպես ինժեներական հրաշք, իսկ ավտոբուսի ձեռքբերումն իր նշանակությամբ ավելի ազդեցիկ է, քան Իլոն Մասկի արկածները տիեզերքում։ Եվ այսպես շարունակ, շարքն անվերջ է։ Իհարկե, մենք ուրախ ենք աղբահանության նվաճումներով և նոր ավտոբուսներով, մեր խնդիրը ոչ թե կատարվող աշխատանքներն են, այլ դրանց շուրջ բարձրացվող արհեստական աղմուկը, չհիմնավորված պոպուլիզմն ու լղոզված հպարտությունը։ Ինչպես նաև պարտադիր ծառայությունների մատուցումը որպես լավություն ներկայացնելը։ »