կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 15:55
Մշակույթ

Հայաստանը` Կաննի MIDEM միջազգային փառատոնի պատվավոր հյուր

Հայաստանը` Կաննի MIDEM միջազգային փառատոնի պատվավոր հյուր

Հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը:

 

MIDEM-ը երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոներից է, որն անցկացվում է 1966-ից ի վեր Ֆրանսիայի Կանն քաղաքում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ֆիրմաներ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ («Սիկորսկի», «Հարմոնիա Մունդի» և այլն):

 

Յուրաքանչյուր տարի մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու փառատոնին պատվավոր երկրի կարգավիճակով, ինչն էլ նշանակում է, որ փառատոնի շրջանակում գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն է: MIDEM փառատոնը երաժշտարվեստի ոլորտում մեր հարուստ ժառանգության և արդի զարգացումներն աշխարհին ներկայացնելու կարևոր հարթակներից է:

 

Այս չորս օրերի ընթացքում ողջ Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում կհնչեն հայկական դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ և այլն: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, ինչպես նաև Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների` Հայաստանին նվիրված ստեղծագործություների թեմաներով: Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով ներկայացնելու նպատակով «ՊրոԱրտ» ընկերության ստեղծագործական թիմը մշակել և ներկայացրել է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգը:

 

Հայաստանի` որպես MIDEM-2015 փառատոնի խորհրդանիշ է ընտրվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, որոնք խորհրդանշում են ոգեշնչման չորս հիմնական տարրերը` հողը, օդը, ջուրը և կրակը: Այս չորս հիմնական տարրերի յուրօրինակության միջոցով է, որ Հայաստանը դառնում է ոգեշնչման երկիր ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող և Հայաստանի հետ առնչություն ունեցող օտարազգի շատ արվեստագետների համար: Նման տեսանկյունից Հայաստանի ներկայացումը MIDEM փառատոնին նպատակ ունի ոչ միայն ներկայացնել ոգեշնչման արդյունքում ծնված ստեղծագործությունները, այլև միջազգային հանրության ուշադրությունը գրավել դեպի Հայաստանը` որպես պահպանված յուրօրինակ մշակութային արժեքների երկիր, ուր այցելելով կարելի է առնչվել հարուստ մշակույթի, ինչպես նաև ոգեշնչվել, ստանալ նոր ստեղծագործական լիցքեր:

 

Փառատոնին հայ մշակույթը ներկայացվելու է իր ողջ բազմազանությամբ. երաժշտությունից բացի, կներկայացվեն նաև հայկական կերպարվեստը, խոհանոցն ու նորաձևության ժամանակակից զարգացումները: Բացօթյա միջոցառումների շարքում ելույթներով հանդես կգան նաև պարային համույթներ` «Բերդ» և «Յարխուշտա» պարային կատարումներով, կհնչեն հայկական դուդուկը, զուռնան, դհոլը, թառը: Հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակներ և ոլորտին վերաբերող տպագիր նյութեր:

 

Մեծ աշխատանք է տարվում նաև Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ. միջոցառման օրերին քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշով դրոշներով, քաղաքային վահանակները կազդարարեն հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված կլինի բացառապես Հայաստանին: Լուսային պրոեկցիաներով Կաննի ամենահայտնի «Կարլթոն» հյուրանոցի շենքի ճակատին կցուցադրվի հայկական պատմությունն ու մշակույթը ներկայացնող ֆիլմ: