կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 14:29
Քաղաքական

Ադրբեջանցին նախ համաձայնել է Հայաստան գալ, հետո հայտնել է, թե չի կարող

Ադրբեջանցին նախ համաձայնել է Հայաստան գալ, հետո հայտնել է, թե չի կարող

Այսօր ԱԺ-ում ընթացող  «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովի Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի նիստում ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին խոսել է ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան չգալու մասին:

 

«Ես հասկանում եմ, որ մենք գործ ունենք բավական նուրբ ու բարդ իրադրության հետ: Մեր ադրբեջանցի գործընկերը նախապես ասել էր, որ գալու է, հետո ասաց, որ չի կարող գալ»,- ասաց նա:

 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն էլ նշեց, թե Ադրբեջանը բաց է թողնում այս հնարավորությունը, ու ցավալի է, որ ադրբեջանական կողմը չմասնակցելու որոշում է կայացրել:

 

Նշենք, որ վեհաժողովի նիստին չեն մասնակցում նաեւ բելառուսական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Թևան Պողոսյանն էլ ուշադրություն հրավիրեց ԵՄ այլ երկրների ներկայացուցիչների բացակայության փաստին: Թևան Պողոսյանը նշեց, թե Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակցելու պատճառը գաղտնիք չէ: Ըստ նրա՝ ադրբեջանական ցանկացած հասարակական կազմակերպություն վերջին մի քանի տարում, երբ մասնակցել է այն միջոցառումներին, որտեղ հայկական մասնակցություն է եղել, կա'մ բանտում է հայտնվել, կա'մ էլ Ադրբեջանից փախել:

 

«Պարզ է, որ վախի մթնոլորտն է պատճառը, որ չեն եկել, քանի որ նախընտրել են չմասնակցել, քան թե Երևանից վերադարձից հետո հայտնվել հատուկ ծառայությունների կամ այլ հետապնդումնների ներքո: Ցավով եմ ասում, որ ցանկացած ծրագրից հետո այն կազմակերպությունը, որ ունեցել է հայ գործընկերների հետ հանդիպում, մեղադրվել է ազգային դավաճանության մեջ, ուստի վախի մթնոլորտը դժվար է հաղթահարել, և մարդիկ նախընտրում են չգալը»,- ասաց նա:

 

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցել էր «Եվրանեսթ»-ի նիստին, և ենթադրում էր, որ դա փոխադարձ պետք է լինի, մինչդեռ պայմանավորվածությունը չի հարգվել:

 

Թևան Պողոսյանը նաև հարցրեց, թե ինչո՞ւ նույն նիստին չեն մասնակցում քաղհասարակության ներկայացուցիչներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան:

 

«Ի վերջո, Արևելյան գործընկերությունը միայն վեց երկրները չեն, այլ նաև այն երկրները, որոնք ԵՄ անդամ են: Մենք ունենք մեծ խնդիր՝ ընկալելու նաև` ինչ է նշանակում Արևելյան գործընկերությունը փակ հասարակության պլատֆորմում, բոլոր երկրները հավասար չեն մասնակցում, և դա ունենում է իր ազդեցությունը»,- ասաց նա և հավելեց, թե Արևելյան գործընկերության իրական հաջողություն կլիներ, եթե ԵՄ անդամ 28 երկրներն ակտիվ ներգրավված լինեին: