կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 10:37
Հասարակություն

Քաղաքի գետը մարդկանց դիակներով լի էր, անգամ` ջրի հոսքն էր դադարել

Քաղաքի գետը մարդկանց դիակներով լի էր, անգամ` ջրի հոսքն էր դադարել

Աղբյուրը` armeniangenocide100

 

Վարդան Ավետիսյանի պատմությունը

Կարին

 

Ցեղասպանությունը վերապրած Վարդան Ավետիսյանը Կարինի գավառի Բագարիճ գյուղից է: Գյուղը 300 տուն ուներ, որից միայն 100-ն է թուրքերին պատկանել: Երբ  կռիվը սկսվել է, թուրքական կառավարական զինվորները եկել ու նրանց ասել են, թե  աքսորում են Ադանա, բայց խաբել են ու տարել Քեմախ: Մեծ մասին սպանել են` կացնով գլուխները բացելով ու ձորը գցելով: Քաղաքի գետը մարդկանց դիակներով լի է եղել ու չի հոսել: Նրան, մորն ու քույրերին քրդերը բռնել են ու պահել  քրդական Ճալի գյուղում: Ռուսական բանակի մեջ եղել է մի հայ սպա, ով նրանց տարել է  Մամախաթուն:


Վարդան Աւետիսեան, Թերջանի Բագարիճ գիւղէն, 11 տարեկան

 

Մեր տունը 10 հոգի էինք: Մենք մեր գիւղին մէջ լաւ կապրէինք, երբէք չէինք նեղուիր: Հայրս երկրագործ էր, ունէինք ոչխար, կով, եզ, արտ, տուն, ամէն բան:

 

Մեր գիւղը 300 տունէր, 100 տունը` թուրք: Մեր գիւղին թուրքերը խաղաղ ժամանակ մեզի բան չէին ըսեր:

 

Երբ որ կռիւ եղաւ, կառավարութենէն ասքեար եկաւ, որ մեզի սուրկուն (աքսոր) ընեն, մեզի ըսին` գացէ՛ք Ատանա, հո՛ն մնացէք, ձեզի ձեռք չենք տար: Մեզի խաբեցին, տարին Քեմախու պողազ: Անկէ 11 հոգի փախանք, միւսներն իրարու ետևէ կը կապէին, յետոյ վերին գլխէն կը զարկէին մինչև, վարի գլուխ: Թուր կը կոխէին կռները, ոտքերը, կացին կը բերէին, գլուխները կը ճեղքէին, կը ձգէին ձորը, լաւ կնկտիքը, լաւ աղջիկները կը տանէին, մեկելնոնց կը զարկէին, կը թափէին ջուրը: Մեր քաղքի ջուր էնենց եղաւ մարդոց ճէնտէկէն (դիակ) կայնաւ, էլ չգնաց:

 

Էն 11 հոգին, որ փախանք, ես ջոկուայ, եկայ մայրիկիս քով, մեկալնոնք բռնեցին իրար կապեցին, խուրշուն հալեցուցին և էնոնց բերանը լեցուցին, աչքերնին պարութ լեցուցին, յետոյ մալի պէս մորթեցին և ջուրը թափեցին:

շ

Ես որ մայրիկիս քովն էի, քրտեր եկան մեր բոլորտիքը բռնեցին, իմ մօրս շորերն ալ հանեցին, իմ մօրս ըսին` 30 ոսկի տո՛ւր, քեզ ազատենք: Իմ մերն էլ 30 տուեց, մեզ ազատեցին: Մենք փախանք Ճալի (քրտի գիւղ), մեզի պահեցին: Հոնիկ մնացինք մինչև թիւրքերը փախան և ռուսեր եկան առին, իսկ Ճալի գիւղը չփախաւ: Ռուսը եկաւ, հայ օֆիցէր մի կար, մեզ իր հետ տարաւ Մամախաթուն: Ես էի, մայրս և 2 քոյրերս: Մայրս մինակը չէր կարող 4 հատ պահեր, երկուքս տուաւ որբանոց:

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 460, թթ. 9-10, բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 102: