կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 15:59
Տարածաշրջան

Եվրոպա՛, քիչ մնաց, «Թուրքական հոսքն» է գալիս

Եվրոպա՛, քիչ մնաց, «Թուրքական հոսքն» է գալիս

2020-ի հունվարի 8-ին շահագործման կհանձնվի «Թուրքական հոսք» գազատարը: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր նոյեմբերի 30-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև TANAP գազատարի բացման արարողության ժամանակ: Նա նաև տեղեկացրել էր, որ այդ կապակցությամբ Ստամբուլում հանդիսավոր միջացառումներ կանցկացվեն:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Վլադիմիր Պուտինը կբացի գազատարը թուրք գործընկերոջ հետ. ըստ Yerkir.am-ի՝ գրում է «Ստրատեգիական մշակույթի հիմնադրամ» էլեկտրոնային պարբերականը:

Թուրքիայի տարածքում աշխատանքներն իրականացնում է «Գազպրոմ» ռուսաստանյան և BOTAŞ թուրքական  ընկերությունների համատեղ ձեռնարկությունը: Գազատարի շահագործումը կնշանակի, որ էներգետիկ շուկայում իրավիճակ է փոխվելու, ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայում, որն իր վրա է վերցնում կարգավորիչ գործառույթները, այլ նաև Բալկաններում և, ընդհանուր առմամբ, Եվրոպայում: Բալկանյան երկրներն իրական հնարավորություն են ստանում պատմության մեջ առաջին անգամ դառնալու մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտի խաղացողներ: Բացի այդ՝ ռուսաստանյան գազի մատակարարման համաեվրոպական ինտեգրված ենթակառուցվածքների ստեղծման համար մեծ հեռանկարներ են բացվում: Դրանց առանցքը լինելու է «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների համակարգերի միակցումը 2021-ին:

Գազատարի ստորջրյա հատվածի երկարությունը 930 կմ է, ցամաքայինինը՝ 180 կմ: Այն հնարավորություն է տալիս տարեկան 31.5 մլրդ խոր. մ գազ տեղափոխելու: Գազատարի ճյուղերից մեկը նախատեսված է միայն թուրք սպառողների մատակարարման համար, երկրորդը տեղափոխելու է երկնագույն վառելանյութը Հարավային և Հարավարևելյան Եվրոպա: «Թուրքական հոսք»-ից Եվրոպա գազը կմատակարարվի գազատարով, որը կառուցվում է Սերբիայի տարածքում՝ ձգվելով Բուլղարիայի հետ սահմանից մինչև Հունգարիա: Այդ ճյուղի երկարությունը 402 կմ է, թողունակությունը՝ 12,87 խոր.մ՝ մուտքում և մոտ 10 մլրդ՝ ելքում:

 Ի դեպ, գազատարի և գազի գնման հարցերն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կքննարկեն Սոչիում: