կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 11:22
Հասարակություն

Արձանի բացումն առանց Պուտինի արեցին

Արձանի բացումն առանց Պուտինի արեցին

Մինչ Պուտինը «շտապում է» Հայաստան, Երեւանում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի բացում էլ իրականացրին. այսօր` վաղ առավոտյան, Երեւանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բացվեց «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանը:

 

Նմանօրինակ հուշարձանի 1997 թվականին տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում' Նիկիտյան դարպասների պուրակում` Մոսկվայի 850-ամյակի առթիվ:

 

Արձանի բացմանը ներկա էին հայկական եւ ռուսական քաղաքական վերնախավի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ, հայկական կողմից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը' փոխքաղաքապետերի ուղեկցությամբ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլք, ռուսական կողմից' ՌԴ տրանսպորտի նախարար  Մաքսիմ Սոկոլովը, նախարարներ, նահանգապետեր եւ այլք:

 

Հուշարձանի բացման իրավունքը տրվել էր ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ  Տիգրան Սարգսյանին ու ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:

 

«Այսօր Երեւանում մենք բացում ենք հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան: Այս նշանակալի իրադարձությանը հատուկ նշանակություն է տալիս այն, որ այն տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի' Հայաստան պետական այցի շրջանակներում: Հայ-ռուսական ներկայիս հարաբերություններն այսօր առանձնահատուկ բնույթ են կրում: Դրանք ոչ թե զուտ դաշնակիցների, ստրատեգիական հարաբերությունների ու դինամիկ զարգացող հարաբերություններ են, մեր հարաբերությունները հիմնված են բազմադարյան բարեկամական հարաբերությունների, փոխօգնության եւ արժեքների վրա: Դրա շնորհիվ նրանք փորձված են ժամանակով, թրծված են երկու համաշխարհային պատերազմներով ու կարողացել են դիմակայել ժամանակակից աշխարհի գայթակղություններին ու մարտահրավերներին»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' ռուսերենով:

 

Հուշարձանի բացումը, ինչպես նշեց հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուս համանախագահը, վկայում է այն մասին, որ մեր երկու ժողովուրդների պատմությունը թեւակոխում է նոր' շատ կարեւոր փուլ, որն ուղղված է ապագա համատեղ զարգացմանը: «Հուշարձանի բացումը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում իրապես արտահատում է այն հինավուրց պատմությունը, այն հարաբերությունները, բարեկամությունը, փոխօգնությունը, որ միշտ' բազում դարերի ընթացքում ուղեկցել են մեր երկու ազգերին»,- ասաց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: