Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Եթե էս երկրում մի բան կորցրել ես և կեսը հետ ես ստացել, պետք է գնաս եկեղեցի, դրա համար մոմ վառես»,- այս կարծիքին է նախկին լրագրող Սոնիկ Մաղաքյանը:
Նա մեկն է Արամի փողոցի 72-80 հասցեներում կառուցապատման ձախողված ծրագրից տուժած բնակիչներից, ով տարիներ շարունակ, իր բախտակիցների հետ դատարանների դռներն ընկած, պայքարում էր բնակարանի և հասցված վնասի փոխհատուցման համար:
Թեև կառավարությունը փոխհատուցել է Երևանի Արամի փողոցի 72-80 հասցեներում կառուցապատման ձախողված ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները եւ նրանց բնակարաններ տրամադրել Երևանի Ծիծեռնակաբերդի ½ հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքում, սակայն անօրինական գործարքներ իրականացնելու և խաբեության վերաբերյալ գործերից մեկը դեռևս քննվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում: Խոսքը Սիմոն Աղազարյանի մասին է, ով նախկինում եղել է Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ներկայումս պատիժ է կրում «Վարդաշեն» ՔԿՀ-ում` միաժամանակ բուժում ստանալով «Էրեբունի» հիվանդանոցում:
Սոնիկ Մաղաքյանը թեև գոհ է, որ հարցն, ի վերջո, լուծում ստացավ, և իրենք բնակարաններ ստացան, սակայն, միաժամանակ, փաստում է, որ իրենք Սիմոն Աղազարյանից ունեն փոխհատուցման պահանջ: Մաղաքյանի խոսքով` Արամի փողոցի 72-80 հասցեներում կառուցապատման ձախողված ծրագրից տուժած անձանց պետք է փոխհատուցում տրվի գործով մեղադրյալի` Ս. Աղազարյանի գույքի հաշվին:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Աղազարյանն իրականում մեծահարուստ է, և նրա ունեցվածքը կնոջ` Ռուզաննա Թովմասյանի անունով է, սակայն մի քանի անգամ ամուսինները ամուսնալուծությունների կեղծ փաստաթղթերով հիմնավորել են, թե իբր գույք չունեն, սակայն ինքն, ի վերջո, հիմնավոր փաստարկներ է ներկայացնել, ինչից հետո Սիմոնի կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մաղաքյանը համոզված է, որ իրականում Սիմոն Աղազարյանն անգամ հիվանդանոցում չէ, ուր մնաց պատիժը կրի: «Չմոռանանք, որ նրա անունը Սիմոն է և այնպիսի գումարներ է վերևներ փոխանցել, որ նրան ամեն ինչ կներվի: Նա շաքարով հիվանդի տպավորություն չի թողնում»,- ասաց կինը:
Մաղաքյանի խոսքով` մինչ տարիներ տևած դատական գործընթացի արդյունքում սթրեսից և ապրումներից որոշ քաղաքացիներ նոր հիվանդություններ էին ձեռք բերում, բնակարանների պաշտոնյա շահառուները միմիայն օգտվում էին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: