| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շուշան Խաչիկյանը ամուսնուն՝ Խաչիկին, վերջին անգամ տեսել է 1990 թվականի հունիսի 25-ին, երբ նա 40 տարեկան էր: «Տարան, չտվին»,- ասում է արդեն առանց արցունքների:
Ոսկեվանցի Խաչիկ Խաչիկյանը Ջողազի ջրամբարի ինժեներն էր, ադրբեջանցիները նրան գերեվարեցին գիշերը, երբ վերադառնում էր աշխատանքից դեպի Ոսկեվան բերող միակ ճանապարհով ՝ ադրբեջանական Բաղանիս-Այրում գյուղով: Որդին` Սասունը, ոչ մի կասկած չունի՝ հատուկ ընտրեցին հենց իր հորը, քանի որ «ակտիվ, երևացող մարդ էր»:
25 տարվա ընթացքում ընտանիքը բազմաթիվ ուղիներ է փնտրել` որևէ լուր, տեղեկություն ստանալու հույսով: Նույնիսկ ադրբեջանցի 2 պատանդի են իրենց տանը պահել-փայփայել` փոխանակման հույսով: Տիկին Շուշանը պատմում է, որ սկեսուրն էր նրանց խնամում՝ որդու հետ փոխանակելու հույսով. «Կեսուրս խղճում էր, շատ շնորհակալ էլ գնացին, երևի սաղ կըլեն»:
Իսկ Խաչիկ Խաչիկյանին չվերադարձրեցին: Կինը՝ Շուշանը, չարչարվում է, բայց չի կարողանում հավատալ, որ ամուսինը ողջ մնացած
կլինի, տեսնում է, թե  գերությունից  վերադարձածներն ինչ վիճակում են. «Նա էլ կըլի՞, չէ»: Բացի դրանից` ամուսինն այն տղամարդը չէր, որ 25 տարում մի լուր չուղարկեր. «Եթե կենդանի լիներ՝ ղշի թևով էլ մի խաբար կաներ»:
Հրադադարի հաստատումից մինչ այժմ Հայաստանից ու Արցախից մոտ հազար քաղաքացի է որոնվում, հաշվառված են որպես անհայտ կորած: Նրանցից 94-ի վերաբերյալ կա հստակ, հավաստի ու օպերատիվ աղբյուրներով ճշտված ինֆորմացիա՝ գտնվում են Ադրբեջանում: Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի տեղեկացմամբ` 2008 թվականից սկսած` ադրբեջանական կողմի հետ աշխատել չի ստացվում: «Մեր բոլոր հարցումները մնում են անպատասխան, համագործակցության հնարավորությունը սպառվել է»,- ասում է նա: Այդ 94 անձանց վերաբերյալ տվյալները փոխանցվել են Ադրբեջանի գործընկերներին, սակայն ոչ մի պիտանի տեղեկություն չի ստացվել : Նրանք մերժում են նաև որևէ երրորդ երկրում հանդիպելու և անհայտ կորածների ճակատագրերը քննարկելու` հայաստանյան կողմի առաջարկը: Արմեն Կապրիելյանն ասում է, որ շարունակելու են ուղիներ փնտրել , որպեսզի որևէ կերպ ճշտվի, ստուգվի այդ մարդկանց վերաբերյալ տեղեկությունը:
Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի և մարդասիրական իրավունքի հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների միջնորդությամբ էլ հնարավոր չի լինում ճշգրտել գերեվարված, պատանդության մեջ գտնվող կամ անհայտ կորած համարվող մարդկանց ճակատագրերը: Այնինչ` նրանց վերաբերող բոլոր հարցերը կարգավորված են Ժնևյան կոնվենցիաներով ու լրացուցիչ արձանագրություններով: Դրանց, բնականաբար, Ադրբեջանն էլ է միացել: « Չկա մի դրույթ, որ Ադրբեջանը խախտած չլինի» ,- արձանագրում է Արմեն Կապրիելյանը
Իսկ ընտանիքները սպասում են: Խաչիկ Խաչիկյանի որդին ասում է` ուրիշ ելք չունի, ուզում է մտածել, որ հայրը մի օր կվերադառնա : 
Նրանց տունը  ուղիղ ադրբեջանական դիրքերին է նայում: Պատերազմի շունչն այս օջախից չի հեռանում 25 տարի շարունակ: Տիկին Շուշանի ամուսինը չկա,  որդիներից Վաչիկը փամփուշտի պայթյունից ձեռքն է կորցրել, Սասունը ոտքն է վնասել  ականի պայթյունի հետևանքով:  Նա  Մուրմանսկում շինարարությամբ զբաղվող եղբոր մասին է պատմում, գյուղի  տան պատերն էլ եղբայրը երեսպատեց՝  մեկ ձեռքով: Սասունն ինքն էլ սահմանի բերանի իրենց տունը շեն է պահում,  մշտական սպասողականության մեջ էլ այս ընտանիքը  այգի է մշակում, մեղուներ պահում, ապրում: Պատերազմի ամենօրյա հարվածները տան բոլոր անդամների հոգում և մարմնի վրա են, նաև` տան տանիքին, բայց  գյուղից դուրս եկողը չեն: «Քառասուն տարի սև օր եմ քաշել, տուն դրել, ո՞ւր թողեմ, գնամ»,- ասում է Շուշան Խաչիկյանը:
Տան կորած տղամարդը գուցե մի օր բացի դուռը: Հավատը տարիների հետ խամրում է, բայց չի կորչում, քանի դեռ հակառակն ապացուցող լուր չի ստացվել: Տիկին Շուշանի սրտում հույսի ամենաբարակ թելը դեռ կա...
Թագուհի Մելքոնյան, Ագնեսա Խամոյան