կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 14:40
Հասարակություն

«Հողն ուզելով չի տրվում»

«Հողն ուզելով չի տրվում»

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն է` «Հիշիր և պահանջիր», բայց բանն այն է, որ ամենևին էլ պարզ չէ` ինչ պետք է հիշենք և պահանջենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սփյուռքահայ պատմաբան Գևորգ Յազճյանը: Ըստ նրա` հողերի պահանջը մնում է օդում կախված, և հողային պահանջի հարցը ոչ ոք չի բարձրացնում:

 

«Մեր հայրենիքի մեծագույն մասը գտնվում է թուրքական տիրապետության տակ: Մենք պետք է պահանջենք մեր հողերը: Մենք շատ ենք բավարարվում բարոյական հաղթանակներով, Թուրքիան էլ փորձում է բարոյական հատուցմամբ հարցը լուծել»,- ասաց Յազճյանը:

 

Նրա կարծիքով` հողերի վերադարձման մասին  միջազգային դատարաններում լղոզված տեքստերով խոսել պետք չէ:

 

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, սակայն, կարծում է, որ եթե ասում ենք` հիշենք և պահանջենք, պահանջի մեջ մտնում է նաև հողային պահանջը:

 

«Պարտադիր չէ, որ կարգախոսի մեջ բոլոր կետերը գրվեն: Մենք այն ժողովուրդը չենք, որը կարող է Ադրբեջանի նման մայր ու երեխա կոտորել, բայց մենք պետք է հաղթենք մեր կամքով և միասնականությամբ: Սրան զուգահեռ` պետք է լացուկոծը թողնենք: Մենք հայրենազրկված ժողովուրդ ենք ու պետք է պահանջենք մեր հայրենիքը»,- ասաց նա:

 

Իսկ երաժիշտ Վահան Արծրունին նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջ դաշտը համակարգված պետք է աշխատի, սակայն մշակութային ոլորտում նա որևէ փոփոխություն չի զգում:

 

«100-րդ տարելիցին մնացել են հաշված օրեր, և հիմա մարդիկ շտապում են ինչ-որ միջոցառումներ կազմակերպել: Բայց չէ՞ որ այդ ամենը պետք է դեռ 2-3 տարի առաջ կազմակերպվեր:  Յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ պետք է համախմբվեր այս հարցի շուրջ, բայց ես` որպես երաժիշտ, չեմ զգում այդ համակարգումն ինձ վրա: Կարծում եմ` իրենց թայֆայով ու իրենց ցուցակով, սպառված ռեսուրսներով են փորձելու որոշակի խնդիրներ լուծել»,- ասաց նա:

 

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, որ հողը ուզելով չի տրվում երբեք. «Ցանկությունը մեզ համար պետք է վաղուց ավարտված ժամանակ լինի և զգայականից պետք է իրավական դաշտ անցնենք: Ապրիլի 24-ով ոչինչ չի ավարտվում, մենք չպետք է թվականներ դնենք մեր գլխում»: