Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հերթական հաղորդագրությունն էր տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես` հայտնել էին, որ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը եւ այդպիսիք հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Հաշվի առնելով հանցագործության հնչեղությունը` ակնհայտ է, որ նման հանձնարարություն նախաքննական մարմինը պետք է տված լիներ առնվազն դեպքի կամ դրան հաջորդող օրը:
Այս կապակցությամբ yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտեին` հետաքրքրվելով` արդյո՞ք հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել տեսանկարահանող սարքեր:
Ուշադրություն` մենք չէինք հետաքրքրվել տեսանկարահանող սարքերի թվաքանակի կամ դրա պարունակության մասին, այլ ընդամենը հարցրել էինք` հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ : Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ քննչական կոմիտեն առանց խմբագրման մեջբերել էր հաղորդագրության վերոհիշյալ հատվածը, իսկ վերջում հայտնել, որ, քննության շահերից ելնելով, այս պահին ձեռք բերված ապացույցների, պարզված հանգամանքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրել չեն կարող:
Փաստորեն, հանցագործության դեպքից 15 օր անց ՀՀ ոստիկանությունը քննչական կոմիտեի հանձնարարությունը դեռ չի կատարել, այսինքն` 15 օր է` տարածքն են ուսումնասիրում կամ տրամադրվել են, սակայն տեսանկարահանող սարքերն իսկապես լուրջ նախաքննական գաղտնիք են պարունակում և մեր կողմից դրանց առկայության մասին հրապարակելը հնարավոր է` «լուրջ վնաս հասցնի» գործի նախաքննությանը, կամ էլ ընդհանրապես նման սարքեր չեն էլ հայտնաբերվել: Բացառված չէ, որ դեպքի վայրին հարակից տարածքներում չլինեն տեսանկարահանող սարքեր, սակայն գործով մեղադրյալի` Վալերի Պերմյակովի դուրս եկած վայրից (ռազմաբազայից) մինչև Ավետիսյանների տուն տանող ճանապարհներին բացառվում է նման սարքերի չլինելը: Իսկ եթե ուշադրություն դարձնենք վերոհիշյալ հաղորդագրությանը, ստացվում է, որ նախաքննական մարմինը միայն հարակից տարածքների տեսանկարահանող սարքերը հայտնաբերելու վերաբերյալ է հանձնարարություն տվել, իսկ դրա կատարման ընթացքը հույժ գաղտնի է պահվում:
Ինչևէ, Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ ոստիկանությանը` պարզելու, ի վերջո, ի՞նչ հանձնարարություն են ստացել վարույթն իրականացնող մարմնից` միայն դեպքի վայրի հարակից տարածքո՞ւմ, թե՞ նաեւ ռազմաբազայից դեպքի վայր ընկած ճանապարհահատվածի տեսանկարահանող սարքերի առկայությունը պարզել, և մինչ օրս նման սարքեր հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող գործով քննություն է տարվում` պարզելու ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա շարժը` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքը լքելուց հետո մինչև Ավետիսյանների տուն հասնելը:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե Պերմյակովի շարժն ապահովվել է մեքենայով, որը և ֆիքսել են տարածքի տեսանկարահանող սարքերը: Թե որքանով է արժանահավատ այս տեղեկությունը, պարզ կդառնա նախաքննության ավարտից հետո, եթե մինչ այս գործով շահագրգիռ այլ անձինք բացահայտումներ չանեն: Խոսքը վերաբերում է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին, ովքեր, yerkir.am-ի տեղեկություններով, այս ընթացքում հայ իրավապահներին զուգահեռ գաղտնի հետաքննություն են իրականացնում, և որոնց արդյունքների մասին հանությունն առաջիկայում կիրազեկվի:
Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հետ մեր գրավոր հարցուպատասխանին` արձանագրենք, որ մեր գրեթե բոլոր հարցերին կոմիտեն պատասխանել է` իրենց տարածած հայտնի հաղորդագրություններից հատվածներ մեջբերելով: Մասնավորապես` հետաքրքվել էինք` արդյո՞ք Պերմյակովի մոտ հայտնաբերվել են փաստացի իրեն պատկանող հեռախոս կամ հեռախոսներ, եթե` այո, ռուսակա՞ն, թե՞ հայկական հեռախոսահամարներ են եղել, և արդյո՞ք օպերատորից պահանջվել են նրա հեռախոսահամարի (ների) ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները:
Ի պատասխան Պերմյակովին պատկանող հեռախոսի վերաբերյալ մեր հարցին, քննչական կոմիտեն հայտնել է, որ բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր` ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները:
Այն, որ Պերմյակովի մոտ հնարավոր է եղել են Ավետիսյաններին պատկանող հեռախոս (ներ), գաղտնիք չէր, ավելի շուտ այս վարկածը լրատվամիջոցների միջոցով վերջին շրջանում բազմիցս առաջ քաշվել է, թեեւ դեպքից հետո Ավետիսյանների հարազատները պնդում էին, որ տանից որևէ իր չի անհետացել:
Երեկ էլ, yerkir.am-ի հարցին ի պատասխան, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշեց, որ տանից էական առարկաներ և իրեր չեն պակասել, իսկ թե կոնկրետ ի՞նչ է պակասել, ոստիկանապետի առաջին տեղակալը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել նախաքննական մարմնին: Սակայն մեր հարցին, թե վարույթն իրականացնող մարմինը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերե՞լ է, որ տանից անհետացել են իրեր, այդ թվում` հեռախոս (ներ), քննչական կոմիտեն որևէ պատասխան չէր տվել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Պերմյակովի մոտից հայտնաբերված հեռախոսներից առնվազն մեկն այլ պետության հեռախոսահամարով է եղել: Սակայն, դատելով նախաքննական մարմնից «արտահոսած» պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալներից, հանրությանը մատուցվելու է այն փաստը, թե իբր Պերմյակովի մոտից հայտնաբերված երեք հեռախոսներն էլ պատկանել են Ավետիսյանների ընտանիքի անդամներին:
Կոնկրետ պատասխան չէր տրվել նաև մեր այն հարցերին, թե ժամը քանիսի՞ն են 102-րդ ռազմաբազայում տեղեկացել, որ Պերմյակովը լքել է զորամասը, ժամը քանիսի՞ն են հայտնաբերել նրան, կոնկրետ ո՞ր հատվածում, ովքե՞ր, քանիսի՞ն է ձերբակալվել, ո՞ւմ կողմից: Քննչական կոմիտեից խորհուրդ էին տվել այս հարցով դիմել 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը:
Ինչ խոսք, այն, որ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկատվությանը դե ֆակտո և դե յուրե տիրապետում է ռուսական կողմը, նորություն չէ: Պարզապես այս պատասխանով կոմիտեն հերքում է իր կողմից արված պաշտոնական այն հայտարարությունը, թե սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Սակայն սա ոչ թե մեր հարցերին օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխանած քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի աշխատակիցների մեղքն է, այլ գործում ներգրավված որոշ պաշտոնյաների` դեպքից հետո արված իրարամերժ հայտարարությունների արդյունքը:
Քննչական կոմիտեն պարզապես փորձում է հնարավորինս զերծ մնալ այն փաստերի հրապարակայնացումից, որոնք կարող են օգնել հանրությանն իրավապահներից առաջ ընկնել և, սեփական «կարճ խելքով» համեմատելով ներկայացվածը, աղաղակել փաստերի` ճչացող անհամապատասխանության մասին: Դրա վառ օրինակն են քննչական կոմիտեի կողմից հրապարակված` Պերմյակովի հարցաքննության տեսանյութի կադրերը, որոնք ավելի խորացրեցին հանրության շրջանում տարածված այն կարծիքը, թե Պերմյակովը միայնակ չէր կարող առանձնակի դաժանությամբ սպանություն կատարել, այնպես, որ ընտանիքի 7 անդամներից միայն մեկն էր անկողնուց վեր կացել (դա էլ հարց է, թե ինչ եղանակով է նա հայտնվել այդ դիրքում):
Նման դատողության հանգեցին անգամ փորձառու դատական փորձագետները, ովքեր, որպես կանոնմինչ այդ խուսափել են կոնկրետ գործերով կարծիքներ հայտնել, և սա այն դեպքում, երբ լսելի չէր Պերմյակովի ձայնը.... Իսկ նրա, ավելի շուտ` Ռուսաստանի ձայնը դեռ կլսենք դատարանում, թե ո՞ր երկրի, դեռևս հայտնի չէ:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ