կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-22 15:44
Առանց Կատեգորիա

Ռուսաստանը Հայաստանից ադրբեջանցի դիվերսանտի՞ն է պահանջում

Ռուսաստանը Հայաստանից ադրբեջանցի դիվերսանտի՞ն է պահանջում

Հայաստանյան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստվում է ԼՂՀ-ում նախորդ տարի կալանավորված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի՝ ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասքերովի հարցը քննարկել հայկական կողմի հետ:

 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության, ԼՂՀ ոստիկանության կողմից 2014 թվականի հուլիսին ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերված և ձերբակալված երկու անձանցից մեկին, ով ԼՂՀ դատարանի վճռով դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդ առևանգելու, ազգային ատելության շարժառիթով սպանություն գործելու մեջ:

 

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի եղերական սպանդի և հատկապես` դրա մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը չհանձնելու` Ռուսաստանի դիրքորոշման ֆոնին այս տեղեկատվությունը իսկական ռումբի ազդեցություն ունի: Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ծանրագույն հանցագործություն կատարած իր քաղաքացուն պաշտպանության տակ առնելու պարագայում՝ Ռուսաստանը համարձակվում է Հայաստանից պահանջել վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտին: Եվ դա անում է մի փուլում, երբ հայաստանյան հասարակության նյարդերը պրկված են պայթելու աստիճանի: Սա ոչ միայն կարող է Հայաստանի պետականության և ինքնիշխանության հանդեպ տարրական հարգանքի բացակայության հերթական դրսևորում լինել, այլև բացահայտ ցինիզմ և անտակտություն՝ հայ ժողովրդի ցավի նկատմամբ:

 

Սակայն ասուլիսի սղագրությունը, որը զետեղված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, թույլ է տալիս ասելու, որ Լավրովի հայտարարություններն իրականում այնքան միանշանակ չեն, որքան ներկայացվում են հայկական լրատվամիջոցներում: Հայտարարությունը Լավրովն անում է ադրբեջանցի լրագրողի հնչեցրած պրովոկացիոն հարցադրմանը պատասխանելիս: Լրագրողը ոչ միայն նշում է, թե Ասեքերովը ձերբակալվել է Ադրբեջանի օկուպացված տարածքում, այլ նաև պնդում է, թե նա գտնվում է Հայաստանի բանտում: Լավրովի պատասխանը բառացիորեն հնչում է հետևյալ կերպ. «Ինչպես Դուք ասացիք, նա Ռուսաստանի քաղաքացի է և ձերբակալվել է հայկական կողմից: Այդ պատճառով տվյալ հարցը մենք կքննարկենք նրա հետ: Մենք ոչ քիչ քաղաքացիներ ունենք, ովքեր ձերբակալվել են աշխարհի տարբեր երկրներում: Նրանց ճակատագրերով մենք հետաքրքրվում են մշտապես: Հաշվի առնելով նրանց ձերբակալման պատճառների մասին տեղեկատվության ստացման անհրաժեշտությունը, գնահատելով մեր քաղաքացիներին առաջադրված մեղադրանքների ծանրությունը, հասկանալով, թե ինչ պայմաններում են նրանք կալանավորվել, նրանց կալանավորած երկրներն ինչ պլաններ ունեն Ռուսաստանի քաղաքացիների առնչությամբ՝ մենք ընդունում ենք համապատասխան որոշումներ այն միջոցներով, որոնք այդ նպատակների համար առկա են համապատասխան երկրների հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում»:

 

Լավրովի հայտարարությունից ուղղակիորեն չի հետևում, որ Ռուսաստանն անպայման Հայաստանին դիմելու է այդ հարցով, քանի որ խոսում է ոչ թե կոնկրետ Հայաստանի, այլ «հայկական կողմի» մասին (ուշագրավ է, որ այս բառակապակցությունն օգտագործելուց առաջ Լավրովը համեմատաբար երկար պաուզա է վերցնում): Բացի այդ` Լավրովի պատասխան հարցադրումներից տպավորություն է, թե նա անուղղակիորեն լրագրողին հասկացնում է, որ եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացու մասին է, ապա նրա հարցը քննարկման առարկա է ոչ թե լրագրողի կամ որևէ երրորդ երկրի հետ, այլ՝ հայկական կողմի: Եվ վերջապես` Լավրովի խոսքից ուղղակի չի հետևում, թե եթե անգամ իրենք դիմելու են հայկական կողմին, ապա դա անելու են անպայման Ասքերովին իրենց հանձնելու պահանջով:

 

Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող երկրի արտաքին գերատեսչության ղեկավարն, իհարկե, կարող էր ավելի հստակ ձևակերպել իր մտքերը՝ կոնկրետացնելով հարցի հետ կապված` Ռուսաստանի հետագա հնարավոր անելիքները, թեկուզ` տարընթերցումների տեղիք չտալու համար: Հենց սա է, թերևս, ավելի շատ կասկածելու տեղիք տալիս: Առաջին անգամը չէ, որ Լավրովը նման դիվանագիտական մանևրումներ է կատարում ԼՂ հակամարտության շրջանակում հայ-ադրբեջանական հարաբերություններին որևէ կոնտեքստով անդրադառնալիս:

 

Եթե իսկապես Ռուսաստանում կա Ասքերովի հարցով երբևէ հայկական կողմին դիմելու ցանկություն, ապա էմոցիաներից դուրս դա միանգամից մի քանի հարցադրումների տեղիք է տալիս: Նախ՝ «հայկական կողմ» ասելով` ո՞ւմ նկատի ունի Լավրովը` Հայաստանի՞ն, թե՞ ԼՂՀ-ին: Եթե Հայաստանին, ապա Ասքերովը ձերբակալվել, կալանավորվել է ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից, ցմահ ազատազրկման է դատապարտվել ԼՂՀ դատարանի կողմից և իր պատիժը կրում է ղարաբաղյան քրեակատարողական հիմնարկում: Դրանց վրա Հայաստանը որևէ իրավազորություն չունի և չի կարող ռուսական կողմի հետ ինչ-որ սեպարատ համաձայնությունների գնալ, եթե, իհարկե, Երևանը նաև ԼՂՀ-ին ռուսահպատակության ճիրանները ներքաշելու փորձ չկատարի: Իսկ եթե Լավրովը նկատի ունի ԼՂՀ-ին, ապա դա նշանակելու է, որ նրան դիմելու դեպքում Մոսկվան ուղղակիորեն ճանաչելու է ԼՂՀ-ի ինքնիշխանությունը և նրա իրավասու պետական մարմինների օրինականությունը: Այդ դեպքում ի հայտ է գալիս երկու երկրների միջև իրավապայմանագրային հարաբերությունների բացակայության հարցը: Իսկ առանց դրանց՝ նման ծանր հանցագործությունների համար դատապարտված անձին Ռուսաստանին հանձնելու իրավական հիմք չկա: Այս տարբերակն, իհարկե, ամենաանհավանականն է:

 

Երկրորդ՝ Ռուսաստանի կողմից Ասքերովին վերադարձնելու հարց բարձրացնելը նշանակելու է պատասխանատվություն ստանձնել նրա կողմից ապօրինի կերպով ԼՂՀ տարածում հայտնվելու, դիվերսիոն գործողություններ և սպանություններ կատարելու համար: Ստացվելու է, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ պաշտպանության տակ առնել իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ Ադրբեջանի կողմից ակնհայտ թշնամական գործողություններ կատարած անձին, հետևաբար, չի կարող խուսափել նաև դավադրության անուղղակի մասնակիցը լինելու հնարավոր մեղադրանքներից:

 

Եվ երրորդ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանն այս հարցը բարձրացներ Հայաստանի համար այս չափազանց նուրբ իրավիճակում, երբ ցանկացած չկշռադատված քայլ, հայտարարություն կարող է Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրացնել և վերջնականապես փչացնել հայ-ռուսական` առանց այն էլ խարխլված հարաբերությունները: Եթե իսկապես Ասքերովի հարցը Ռուսաստանի օրակարգում է, ապա դա այդ երկրի անադեկվատության, իրականությունից կտրվածության ուրույն մի դրսևորում է, կամ էլ Ռուսաստանը մեզ անծանոթ, բայց լուրջ մարտահրավերներ պարունակող ինչ-որ նոր պրոցես է սկսել տարածաշրջանում, որից պետք է առնվազն զգուշանալ:

 

Գևորգ Աղաբաբյան