Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տարեվերջին Հայաստանի արժութային շուկայում արձանագրված դրսեւորումները, ինչպեսեւ սպասվում էր, ուղղակիորեն ազդել են ֆինանսական շուկայի տոկոսադրույքների վրա։ Երեւույթը նկատելի է հատկապես դրամային միջոցների ներգրավման դեպքում, որոնք զգալիորեն թանկացել են։
Սա անշուշտ բնական է, եթե հաշվի առնենք ազգային արժույթի արժեզրկման կտրուկ տեմպը։ Անցած տարվա նոյեմբերի վերջից մինչեւ այժմ դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ թուլացել է ավելի քան 15 տոկոսով։
Չնայած տարեսկզբին արժութային շուկայում կայուն իրավիճակ է, չկա նախկին լարվածությունը, այնուհանդերձ նախորդ շրջանի զարգացումների հետ կապված սպասումները ֆինանսական շուկայում ամբողջովին չեն փարատվել։ Դրանք պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածից թելադրված դրսեւորումներով։
Նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով բանկերը ստիպված են փոփոխել իրենց ավանդային քաղաքականությունը։ Դա արտահայտվում է ինչպես առաջարկվող տոկոսադրույքների բարձրացման, այնպես էլ ժամկետների կրճատման տեսքով։
Այս մոտեցումը բանկերի մի մասը սկսեց որդեգրել արդեն տարեվերջից։ Նկատի ունենալով ժամանակահատվածի առանձնահատկությունները՝ բանկերը առաջարկեցին տոնական ավանդների փաթեթներ՝ նախկինից շատ ավելի բարձր տոկոսադրույքներով։
Ներգրավվող ավանդների տոկոսադրույքները ներկայումս որոշ բանկերում հասել են տարեկան ընդհուպ մինչեւ 18 տոկոսի։ Այն դեպքում, երբ մինչ այդ դրամային ավանդների առավելագույն տոկոսադրույքը չէր գերազանցում 14-ը։
Կրճատվել են նաեւ ավանդադրման ժամկետները։ Եթե մինչեւ դրամի արժեզրկումը 14 տոկոսը գործում էր հիմնականում երկարաժամկետ ավանդների դեպքում, ապա այժմ կան բանկեր, որոնք այդպիսի տոկոսադրույք են խոստանում անգամ եռամսյակային ավանդների համար։
Ավանդների առաջարկվող տոկոսադրույքների բարձրացումը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրամի արժեզրկումը եւ այդ ուղղությամբ պահպանվող սպասումները բնակչության շրջանում խարխլել են վստահությունը ազգային արժույթի նկատմամբ։ Այդ պայմաններում խնայողություններ ունեցող քաղաքացիները հակված չեն իրենց միջոցները վստահել բանկերին, առավել եւս՝ երկարաժամկետ հատվածում։ Սա է հիմնական պատճառը, որ բանկերը ստիպված են առաջարկել առավելագույնս բարենպաստ պայմաններ՝ խրախուսելու դրամային միջոցների ավանդադրումը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: