կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-31 15:16
Տնտեսական

Կառավարությունը կսուբսիդավորի հակակարկտային ցանցերի ներդրման համար տրվող վարկերի տոկոսադրույքները

Կառավարությունը կսուբսիդավորի հակակարկտային ցանցերի ներդրման համար տրվող վարկերի տոկոսադրույքները

Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրը մեկնարկելու է 2018-ին, առաջարկվում է 2 տոկոսանոց վարկեր մինչև 7 տարի ժամկետով:

Պետության կողմից աջակցությունը կլինի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման տեսքով, և 2018-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 700 միլիոն դրամի գումար, որով կցանցապատվեն շուրջ 1350 հա այգիներ: Կարկտապաշտպան ցանցերի կիրառումը կպաշտպանի բերքը կարկուտից, կբարձրանա բերքի որակը, կավելանան տնտեսվարողների եկամուտները և այլն:

Ըստ հիմնավորման` յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 տոկոս:

Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 տոկոս: Կարեն Կարապետյանը ծրագրի հետ կապված հանձնարարել է գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին համատեղ աշխատել և տեղական բիզնեսին տեղեկացնել այդ շուկայի մասին:

«Բազմաթիվ գործարարներ կան, ովքեր այսօր կիրառում են հակակարկտային ցանցը: ՊԵԿ-ից պետք է վերցնել վիճակագրությունը, թե ինչքան ենք ներմուծում, ինչքան է շուկան լինելու: Դրանից հետո անհրաժեշտ է մաքսիմալ աջակցել, որպեսզի ներսում մենք այդ արտադրությունը կարողանանք կազմակերպել», - նշել է վարչապետը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում՝ հանելով «առևտրային» բառը: Ըստ հիմնավորման` ծրագրով նախատեսված «առևտրային իրավաբանական անձանց» եզրույթի դեպքում հնարավորություն չի ստեղծվում հանրապետությունում գործող շուրջ 400 սպառողական կոոպերատիվներին օգտվելու լիզինգի պետական աջակցության ծրագրից: Արդյունքում` կընդլայնվի լիզինգի պետական աջակցության ծրագրից օգտվողների շրջանակը:

Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից և նշել, որ, բացի գյուղտեխնիկայից, նախատեսվում է ծրագրում ներառել նաև այլ սարքավորումներ, որոնք կնպաստեն ոլորտի տեխնիկական հագեցվածության բարձրացմանը: