Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն գրել էինք, որ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը նախագահականում է:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ:
Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:
Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ ՌԴ տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը: Ա. Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը: