կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-14 16:14
Իրավական

Ռուսաստանը խախտել է համաձայնագիրը` Պերմյակովի գործը պիտի քննի հայկական կողմը

Ռուսաստանը խախտել է համաձայնագիրը` Պերմյակովի գործը պիտի քննի հայկական կողմը

Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության, նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար, Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում` նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի` ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:  


Հենց այս պատճառաբանությամբ էլ Հայաստանի տարածքում 6 անձի դաժանաբար սպանած, այնուհետև ՀՀ պետական սահմանը հատել ցանկացած անձի դեմ հարուցված քրեական գործը քննելու է ռուսական կողմը:

 

Մյուս կողմից` առաջ է քաշվում 1997 թվականի օգոստոսի 27-ին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված` ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագիրը, որի 4-րդ հոդվածը սահմանում է` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ: 

 

Նույն համաձայնագրի 5-րդ հոդվածը սահմանում է բացառություններ, դրանք այն դեպքերն են, երբ հանցագործությունը կատարվել է ռազմաբազայի տարածքում, այն ուղղված է եղել ՌԴ-ի կամ ռազմաբազայի ներկայացուցիչների ու նրանք ընտանիքի անդամների դեմ, կատարվել է զինվորական հանցագործություն: Այսինքն` այս դեպքերը որևէ կերպ համեմատելի չեն վերոհիշյալ սպանության հետ:

 

Առաջանում է մեկ այլ հարց` ո՞ր իրավական փաստաթուղթն է կիրառելի այս իրավիճակում: Yerkir.am-ի հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու, Լոզանի համալսարանի շրջանավարտ Լյուդվիգ Դավթյանը պարզաբանում է, որ, համաձայն ՌԴ Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի, եթե միջազգային պայմանագրով հաստատված են այլ նորմեր, որոնք հակասում են օրենքին, ապա կիրառվում են միջազգային համաձայնագրի նորմերը:

 

Իսկ սահմանադրագետ, իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը նշում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսասատնում նախապես ստուգվում է միջազգային պայմանագրի սահմանադրականությունը, ուստի համաձայնագրի և Սահմանադրության միջև հակասություն լինել չի կարող: «Մյուս կողմից` ՌԴ-ի կողմից տրամաբանական չէր կարող լինել պայմանագրում նշել ՀՀ իրավասությունը հանցագործությունների քննության դեպքում` իմանալով, որ իրենց Սահմանադրությունը դա արգելում է»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Հովհաննիսյանը:

 

ՌԴ Սահմանադրության 125-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն` միջազգային պայմանագրերը  նախնական վերահսկողության ենթարկվում են, այսինքն` սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշմամբ հաստատվում է դրանց սահմանադրականությունը: «Դա նշանակում է, որ պայմանագրի ու ՌԴ Սահմանադրության միջեւ հակասություն չկա, հետևաբար` չի կարող ծագել այն հարցը, թե որը պիտի կիրառվի՝ Սահմանադրությո՞ւնը, թե՞ պայմանագիրը: Պիտի կիրառվի պայմանագիրը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

 

Ինչ վերաբերում է պատճառաբանության այն կետին, թե Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, և նրան գտել են ռուս սահմանապահները, այսինքն` գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, ապա նշենք, որ այս դեպքում ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածը կարող էր կիրառվել, եթե Պերմյակովը հայտնաբերվեր ՌԴ տարածքում, քանի որ հենց այդ նույն Սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է. «…ՌԴ Սահմանադրությունը կիրառվում է ՌԴ ողջ տարածքում»: Իսկ ահա ՀՀ Սահմանադրությամբ էլ ամրագրված է ՀՀ-ի` սուվերեն պետություն լինելու փաստը:

 

Կարող ենք հետևություն անել, որ ռուսական կողմը խախտել է համաձայնագրի դրույթը: Այն վերականգնելու երկու ուղղություն է մատնանշում Լյուդվիգ Դավթյանը` առաջինը դիվանագիտական ճանապարհն  է, մյուսը` տուժող կողմի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության միջոցներին դիմելը: «Այսինքն` որպես տուժող կողմ` վերջիններիս փաստաբանը պետք է վիճարկի իրավապահների գործողությունները և որոշումները, այդ թվում` Եվրոպական դատարանում»,- ասաց նա:

 

Նրա խոսքով, քանի որ այս պահին վարույթն իրականացնողը ռուսական մարմիններն են, պետք է վիճարկվի այդ մարմինների որոշումները ռուսական մարմիններում, ու դրանք սպառելուց հետո՝ Եվրոպական դատարանում:

 

Ա.Կ.