Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-01-01 13:02
Հասարակություն

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը

1886 թվականի հունվարի 1-ին է ծնվել հայ պետական, ռազմական և դաշնակցական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը):

 

Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում` քահանայի ընտանիքում:

 

Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո ուսումը շարունակել է Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։

 

1906 թվականին Նժդեհը մեկնում է Բուլղարիա, ընդունվում Սոֆիայի սպայական դպրոցը և, այն հաջողությամբ ավարտելով, 1907-ին վերադառնում է Կովկաս։

 

1907 թվականին անդամագրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։

 

1909 թվականին զենք-ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ տեղափոխվում է Բուլղարիա։

 

Նժդեհը մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912–13 թթ.), Անդրանիկի հետ կազմավորել է հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում կռվել թուրքերի դեմ: 1919 թվականի հոկտեմբերից Նժդեհը եղել է Զանգեզուրի զինված ուժերի հրամանատարը, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն են ցույց տվել թուրք-թաթարական զորքերին:

 

Գարեգին Նժդեհը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին:

 

* Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:

 

* Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:

 

* Մահ չկա, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

 

* Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա՝ անհայրենասերները:

 

* Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

 

* Հայրենապաշտպան դաստիարակություն` ահա մեր փրկության խարիսխը:

 

* Վայ այն զինվորին ու զորքին, որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց, շարժումների մեջ` վճռականություն, սրի ծայրին` շանթ, չի տեսնում,- դատապարտված է նա:

 

* Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին` մեծամեծ հակառակորդների դեմ:

 

* Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով:

 

* Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից:

 

* Հերիք է,որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր,որպեսզի համարվի պատրաստի որս, և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև:

 

* Հայը պատճառ չունի կուսակցականանալու, հայը կուսակցականանալու նաև իրավունք չունի:

 

* Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:

 

* Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք: