կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-26 17:17
Մշակույթ

Լևոն Իգիթյանն ավելի «ուժեղ» է, քան Արմեն Աշոտյա՞նը

Լևոն Իգիթյանն ավելի «ուժեղ» է, քան Արմեն Աշոտյա՞նը

Երեկ «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին, որին վերջերս կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանն ազատել էր աշխատանքից, հրավիրել էին կրթության և գիտության նախարարություն` զրուցելու: Հիշեցնենք, որ Համբարձումյանը մինչ այդ հայտարարել էր, որ Իգիթյանը ցանկանում է արվեստանոցը վերածել արհեստանոցի` տեղում կահույքի արտադրամաս բացելով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ էին իրեն կանչել նախարարություն: Նա ասաց, որ իրեն նախարարություն էր կանչել ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, սակայն ընդունել է նույն վարչության պետի տեղակալ Արմինե Բարսեղյանը` պարզաբանելով, թե նախարարը քաղաքում չէ, իսկ վարչության պետն այդ օրվանից արդեն արձակուրդում է:

 

«Ասացին, որ ստացել են իմ նամակը, Հանրային խորհրդից նույնպես ստացել են նամակ, և իրենց աշխատողները ստուգումներ են իրականացրել կենտրոնում, արդյունքում` արտադրամաս կամ արտադրամաս ստեղծելու հիմքեր չեն հայտնաբերել: Ասացին նաև, որ հիմա այլևս չեն կարող որևէ հարցում միջամտել` իրավասու չեն, և ինչ պետք է անեին` արել են»,- ասաց Համբարձումյանը:

 

Ըստ նրա` Բարսեղյանն նշել է նաև, որ թեեւ չի ուզում ուղղորդել իրեն, բայց խորհրդի կարգով տեղեկացնում է` կարող է դիմել աշխատանքի տեսչություն:

 

«Ես նրան հարցնում եմ` այսինքն` ԿԳՆ-ին պատկանող կենտրոնը ԿԳՆ-ն չի՞ կարող վերահսկել, Իգիթյանն ավելի ուժեղ է, քան Աշոտյա՞նը: Ասում է` ի՞նչ ասեմ, մենք իրավասու չենք: Հարցնում եմ` հիմա ի՞նչ, ինձ բերել, հասցրել եք այստեղ, որ ասեք` իրավասո՞ւ չեք, իսկ Բարսեղյանը պատասխանում է, թե` ավելի լավ է` դիմեք իրավապահ մարմիններին: Ես նրան բացատրում եմ, որ, լավ, իմ` աշխատանքի հեռացման փաստը դեռ դատարանով չվիճարկեմ, իսկ կենտրոնի հարցն ի՞նչ է լինելու, չէ՞ որ այն նախարարության ենթակայությամբ գործող հաստատություն է: Իսկ նա ասում է, որ իրենց իրավասության շրջանակներում արել են ամեն ինչ»,- պատմեց Համբարձումյանը` հավելելով, որ եթե այսպես շարունակվի` վաղն ինչպե՞ս ենք օտարերկացիներից պահանջելու պահպանել իրենց երկրներում եղած մեր մշակութային արժեքները, եթե մենք ներսում քանդում եք մեր ունեցածը:

 

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ իր աշակերտներից մեկը նամակ էր գրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և խնդրել է իրեն` նամակը տանել նախարարություն: «Նամակների բաժնում հեռախոսահամար ուզեցին, և ես էլ իմ համարը թողեցի, քանի որ երեխան համար չէր գրել: Ինձ նախարարության աշխատակիցն ասում է` այդ ինչո՞ւ է Ձեր համարը գրված: Գիտե՞ք, եթե ուզում են ինչ-որ մեկի դեմքին ցեխ շպրտել` անընդհատ պատճառներ են փնտրում: Երեկ այդ աշակերտիս նույնպես ուզում էի հետս նախարարություն տանել, բայց երեխան դասի էր այդ ժամին»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Արմինե Բարսեղյանը հայտնեց, որ իրենք օրերս ստացել էին նախարարին հասցեագրված նամակ` յոթ տարեկան երեխայի անունից, բայց երբ զանգահարել են նամակում գրված հեռախոսահամարով, պատասխանել է Համբարձումյանը: Իրենք էլ նրան կանչել են նախարարություն` ճշտելու` ինչո՞ւ է այդպես ստացվել:

 

«Երբ մենք փորձեցինք նամակի հետքերով գնալ, զանգահարեցինք նշված հեռախոսահամարով` հույս ունենալով խոսել կա'մ երեխայի ծնողների, կա'մ երեխայի հետ, բայց մենք զարմացանք, երբ զանգին պատասխանեց Հրաչը: Հրավիրեցինք նրան` խոսելու, քանի որ մեզ համար անհասկանալի է այն, որ նամակը գրել է երեխան, բայց հեռախոսահամարը Հրաչինն է: Ուզում էինք նաև հասկանալ` ինքն ի՞նչ դժգոհություններ ունի, քանի որ նամակում երեխան Հրաչին աշխատանքից չազատելու հարց էր բարձրացնում` նշելով, որ դա իր երազանքն է»,- ասաց Բարսեղյանը` հավելելով, որ Համբարձումյանն իրեն պատասխանել է, թե քանի որ նամակն ինքն է բերել ընդհանուր բաժին, այդ պատճառով էլ իր հեռախոսահամարն է գրված եղել, բայց պատասխանն իրենց չի գոհացրել:

 

Բարսեղյանը նշեց նաև, որ Համբարձումյանին է ցույց տվել Լևոն Իգիթյանի կազմած արձանագրությունը, թե ինչի հիման վրա է ինքն ազատվել աշխատանքից, սակայն Համբարձումյանն ասել է, որ ինքը տեղյակ է այդ ամենից: «Ես նրան ցույց տվեցի արձանագրությունը և ասացի` եթե Ձեզ չեն բավարարում մեր փաստաթղթային հիմքերը` կարող եք դիմել պատկան մարմիններին»,- ասաց Բարսեղյանը:

 

Հարցին, թե, այնուամենայնիվ, Համբարձումյանին նախարարություն կանչելու միակ նպատակը նամակում եղած հեռախոսահամա՞րն է եղել,  Բարսեղյանը պատասխանեց` նաև, սակայն իրենք ցանկացել են նաև զրուցել Համբարձումյանի հետ:

 

Մերդիտարկմանը, թե Համբարձումյանի բողոքները լսելուց հետո որևէ քայլ կարվի՞, նա պատասխանեց, թե չգիտի:

 

Կարինե Հարությունյան