կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 13:35
Մշակույթ

Ես էրևանցի տղա եմ, ըտենց եմ որոշել. Լևոն Իգիթյանն արվեստանոցը փայտի մշակման արհեստանո՞ց է դարձնում

Ես էրևանցի տղա եմ, ըտենց եմ որոշել. Լևոն Իգիթյանն արվեստանոցը փայտի մշակման արհեստանո՞ց է դարձնում

«Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն ուրբաթ օրն աշխատանքից ազատել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին:

 

Լրագրողների հետ զրույցում Համբարձումյանը հայտնեց, որ Իգիթյանն արվեստանոցը ցանկանում է փայտի մշակման արհեստանոց դարձնել, և առաջիկա օրերին արվեստանոցն ամբողջությամբ պետք է դատարկվի: Ավելին` օրերս արվեստանոց են բերվել կահույքագործական հաստոցներ, որոնք, ըստ Համբարձումյանի, փաստում են հենց այդ մասին:

 

«Ես հանդիպել եմ Իգիթյանի հետ, մի քանի անգամ խոսել ենք, բայց բոլոր խոսակցություններն ավարտվել են նույն կերպ՝ «ես էրևանցի տղա եմ, ես ըտենց եմ որոշել: Կենտրոնի տնօրենը ես եմ, ես էլ որոշել եմ ու ըտենց էլ կանեմ»: Հարցի հետ կապված` դիմել ենք Հանրային խորհուրդ, և Հանրային խորհուրդը նիստ գումարեց, ու որոշվեց դիմել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Անցած շաբաթվա մեջ` չորեքշաբթի օրը, նախարարությունից եկան մարդիկ, որ ուսումնասիրեն հարցը, տարածքը, բայց ուրբաթ օրն Իգիթյանն ինձ ազատեց աշխատանքից»,- պատմեց Համբարձումյանը:

 

Ըստ նրա` իր հեռացումը լիովին ոչ պատճառաբանված է, քանի որ, որպես պատճառ,  ներկայացվել է, թե իբր ինքը սեպտեմբեր ամսին դասերին չի հաճախել, մինչդեռ ամբողջ ամսվա ընթացքում ինքն աշխատել է ու մաքրել արվեստանոցը` սաների հետ:

 

«Մենք սպասում ենք նախարարի պատասխանին, բայց մինչ այդ էլ կարող եմ վստահ նշել` ոչ մի գնով չեմ պատրաստվում լքել արվեստանոցը: Արդեն տասներեք տարի է, ինչ դասավանդում եմ այստեղ: Արվեստանոցը չի դառնալու փայտի մշակման արհեստանոց»,- հայտարարեց Համբարձումյանը:

 

Ի նշան բողոքի` արվեստանոցի սաներն իրենց նկարներն այրեցին`  տարաներից, որոնց փակցված էր Լևոն Իգիթյանի նկարը, վառելանյութ լցնելով:

 

Մանրամասները` տեսանյութում: