Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ մենք հարցով դիմել էինք Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանին: Հարցը հետեւյալն էր. Երեւանի քաղաքապետի հրամանով քաղաքի երթևեկությունը թեթևացնելու համար մի շարք միջքաղաքային երթուղիների վերջին կանգառը տեղափոխվել է Հյուսիսային ավտոկայան: Այստեղից Երևան հնարավոր է հասնել միայն մեկ` 259 համարի ավտոբուսով, որի ուղեվարձը, սակայն, 200 դրամ է: Քաղաքացիների խնդրանքն էր հարց բարձրացնել, թե հնարավո՞ր է գոնե ավտոբուսի ուղեվարձը դարձնել 100 դրամ:
Իգիթյանը խոստացել էր հարցը նույն օրն իսկ բարձրացնել քաղաքապետարանում: Օրեր անց փորձեցինք ավագանու վերոհիշյալ ՀՀԿ-ական անդամից ճշտել, թե ի՞նչ փուլում է գտնվում բարձրացված հարցը, սակայն վերջինս ասաց, որ ինքը գրավոր դիմել է քաղաքապետին եւ պատասխան դեռ չի ստացել:
Երեկ եւս զանգահարեցինք Իգիթյանին: Նա ասաց, որ 30 րոպեից կրկին զանգահարենք: Կրկին զանգահարեցինք, բայց հանկարծ պարզ դարձավ, որ քաղաքի ավագանու այս «մտավորական» ներկայացուցիչը լրագրողի, նաև պարզ քաղաքացու հետ շփվելու տարրական էթիկական կանոնները չգիտի: Մինչդեռ հենց այդ պարզ քաղաքացու քվեով է նա ընտրվել ավագանի և դրանով իսկ ստանձնել նրան հուզող հարցերը բարձրացնելու և շահերը պաշտպանելու պարտականություն:
«Այ մարդ, սենց բան կլինի, էռնեկ կողքս լինեիք, տեսնեիք՝ ինչով եմ զբաղված: Հիմա եկել եմ, ցուցասրահում էքսպոզիցիա ենք անում, կարող է ես հերթապահեմ ընդեղ: Ես բոլոր ժուռնալիստներին արդեն սկսել եմ ատել»,- չգիտես` ինչու, բարկացավ Իգիթյանը` անջատելով հեռախոսը:
Երբ դարձյալ զանգահարեցինք նրան եւ հարցրինք, թե ինչու է անջատում հեռախոսը, նա ուղղակի պատասխանեց. «Լավ եմ անում», ու անջատեց հեռախոսը:
Կարծում ենք` նման վարվելակերպն ու վարքագիծը անթույլատրելի են ժողովրդի ընտրյալի և իրեն մտավորական համարող անձի համար, մանավանդ այս դեպքում, երբ մենք փորձում էինք պարզել նրա անմիջական պարտականությունների և ժողովրդին հուզող հարցի ճակատագիրը:
Հ. Գ. Մենք էլ առանձանապես չենք գժվում Լեւոն Իգիթյանի համար: