Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սուպերնախարար» Գագիկ Խաչատրյանի ղեկավարած` ֆինանսների նախարարության շենքում շինարարության մասին տեղեկություն ստանալու` մեր անհաջող փորձերին ընթերցողն արդեն ծանոթ է: Մեր գրավոր հարցումներին թեեւ նախարարությունից այդպես էլ պատասխան չեկավ, բայց, շինարարության մասին մեր լրագրողի բանավոր հարցին ի պատասխան, Գագիկ Խաչատրյանն ասել էր, թե «հարցը շատ լավ հարց է» եւ որոշ տեղեկություններ էր տրամադրել:
Ինչեւէ, անցնենք առաջ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ին հաջողվել է ստանալ այդքան չարչրկված հարցերի պատասխանները, որոնք հրապարակված են givemeinfo.am կայքում:
Եվ այսպես` ապրիլին ստանձնելով ֆինանսների նախարարի պաշտոնը` արդեն երեք-չորս ամիս անց՝ օգոստոսին, Խաչատրյանը հանձն է առնում նախարարության շենքի հիմնանորոգումը: Վերանորոգման ենթակա ընդհանուր մակերեսը կազմել է 5 հազար 560 քմ: Իսկ հիմա ամենահետաքրքիրը՝ շինարարության համար նախարարությունը տրամադրել է մոտավորապես 615 միլիոն դրամ, այլ կերպ ասած՝ մոտ 1.5 մլն դոլար: Մինչև հոկտեմբեր նախատեսված գումարից ծախսվել է 126 միլիոն դրամ: 600 միլիոն դրամով ֆինանսների նախարարությունում կփոխվեն դռները, մանրահատակը և կիրականացվեն ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Նախարարությունը մոտավորապես 88 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Առողջ սպասարկում» ընկերության հետ՝ դռներ գնելու համար: Մեր տեղեկություններով՝ 400 նոր դռներ պետք է փոխարինվեն հներով: Ստացվում է մեկ դռան միջին գինը կազմում է մոտավորապես 220 հազար դրամ: Ասում են՝ դռները պատրաստված են լինելու հաճարի փայտից:
Մոտավորապես եռակի անգամ շատ գումար ֆինանսների նախարարությունը տրամադրել է «Ֆիլիշին» ընկերությանը` մանրահատակը փոխելու համար, որն էլ պետք է կաղնու փայտից լինի: Ի դեպ, «Ֆիլիշին» ընկերությունն իրականացրել է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական որոշ աշխատանքներ:
Իսկ ահա ընթացիկ նորոգման աշխատանքների համար` պատերի ներկում, հոսանքալարերի անցկացում, գիպսակարտոնե առաստաղների հավաքում և այլն, նախարարությունը ծախսել է մոտավորապես 299 միլիոն դրամ: Պայմանագիրը կնքվել է «Իմեքս» գրուպի հետ, որի կազմում է բոլորին հայտնի «Իդեալ» խանութների ցանցը՝ իր հայտնի տերերով:
Երեք ընկերությունների հետ կնքված պայմանագրերում նաև հստակ նշված է, որ նախօրոք հաստատված գումարը ենթակա չէ փոփոխման: Այսինքն` շինարարական աշխատանքների վրա ծախսվելիք գումարը հայտնի է եղել հենց սկզբից, ինչը լիովին տրամաբանական է, այնինչ` ֆինանսների նախարարը Yerkir.am-ի հարցին պատասխանել էր, որ շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, ու գումարի մասին որևէ խոսք չի կարող ասել:
Գագիկ Խաչատրյանը նշել էր նաև, որ շինարարության համար նախատեսված գումարը ծախսվել է պահուստային ֆոնդի արտաբյուջետային միջոցների հաշվին: «Մենք ունենք լավ խնայողություններ, ծախսում ենք շատ օպտիմալ և ռացիոնալ, քանի որ համակարգի առջև դրված են բավական խնդիրներ: Ֆինանսների նախարարության շենքն անհիշելի ժամանակներից չէր վերանորոգվել, և ես չեմ կարծում, որ ներկա ժամանակակից պայմաններում կարող ենք աշխատակիցներին չտրամադրել նորմալ պայմաններ»,- ասել էր «սուպերնախարարը»:
Իրոք, 615 մլն դրամը, մեղմ ասած, վատ «խնայողություն չէ», իսկ «օպտիմալ» եւ «ռացիոնալ» ծախսի մասին էլ խոսք չկա:
Մեր կողմից մնում է հավելել, որ նորոգման աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 20-ը: Շնորհավորում ենք ֆինանսների նախարարության աշխատակիցներին 2015թ.-ից նոր շենքում շքեղ պայմաններում աշխատելու կապակցությամբ: Ի դեպ, նրանք կունենան նաեւ իրենց առանձին մեծ ճաշարանը՝ նախարարության նկուղային հատվածում:
Գեւորգ Խաչատրյան