Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ անցկացնելու է «քաղաքացիական ժողով»:
«Հրաշալի ու աննախադեպ է և լիցքավորող, որ մեր ժողովուրդն այսքան պայքարից, ցավերից ու հուսախաբությունից հետո էլի պահանջում է իր իրավունքը, ուզում է փրկել իր ընտանիքն ու հայրենիքը և պատրաստ է գալ հրապարակ»,- նշեց նա` խոստովանելով, որ վերջին մի քանի ամիսներին քաղաքական դաշտում վիճահարույց ընթացք կար, նաև իր վարքի մեջ են վիճահարույց բաներ նկատվել:
«Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ: Պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունը` ասելու համար, որ որոշ բաց հարցեր են մնում` հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը, շարժման սկզբունքների հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ հրապարակել էր հռչակագիր, բայց մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն այդ հռչակագրի, շարժման հրապարակային գործունեության մասին: Ըստ նրա` քանի դեռ այս հարցերը լուծված չեն, չեն կարող խոսել միասնական որոշումների, շարժումների, գրասենյակների մասին:
«Մենք հավատում ենք շարժմանը, բայց արդեն ճշմարտության պահը եկել է, ու կոչ եմ անում բաց եղանակով հասնել համաձայնության: Մենք գործելու ենք մեր գործընկերների հետ խորհրդարանում, բայց անհրաժեշտ ենք համարել, որ նոյեմբերին գոնե մեկ անգամ հրապարակ իջնենք ու ներկայանանք ժողովրդին»,- ասաց նա:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» կմասնակցի ՀԱԿ-ի ավանդական երթին, որովհետև մարդու իրավունքների թեմայով է, բայց հիմա քաղաքացիական առաջարկ է ներկայացնում: «Հրավիրում եմ քաղաքացիական ժողովի` ազատ, անկախ սահմանադրական Հայաստան, ամբողջական իշխանափոխություն, իրավատեր քաղաքացի, ճանաչված Արցախ: Տասը հոգի կլինենք, թե տասը հազար, մենք լինելու ենք հրապարակում»,- հայտարարեց նա:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի քանի օր անց էլ կլինեն Վանաձորում ու Գյումրիում:
Փաստորեն, «Ժառանգությունն» առանձին, առանց եռյակի քաղաքացիական հանդիպումների շարք կանցկացնի, որոնց մասին, ի դեպ, ըստ Հովհաննիսյանի, տեղյակ է պահվել եռյակի մյուս անդամներին, նաեւ` որ պետք է նոյեմբերին անպայման մեկ հավաք անցկացնել և խոսել ժողովրդի հետ: