Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ներկայացրած օրինագիծը սահմանամերձ համայնքներին արտոնություններ շնորհելու մասին, որն այսօր քննարկվում էր արտահերթ նիստում, հազվադեպ համերաշխության մթնոլորտ էր ստեղծել թե' ընդդիմության ու քաղաքական մեծամասնության, թե' ընդդիմության ու կառավարության միջև: Այլընտրանքային ԲՀԿ-ն և ընդդիմադիր բոլոր խմբակցությունները կարևորեցին կառավարության ներկացրած այդ օրինագիծը: Ընդդիմադիրները ներկայացնում էին առաջարկներ, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը խոստացավ հաշվի առնել բոլոր առաջարկությունները, քննարկել դրանք և բարելավել օրենքը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գոհունակ ժպիտով նշեց, որ հազվագյուտ դեպքերից է, երբ «խորհրդարանում կրքերը հանդարտ են»:
«Մեր գործընկերներն ունեն որոշ անհանգստություններ` այս օրենքի հետ կապված: Այդ մտահոգությունները բոլորս ունենք, բայց դրանք ժամանակի մեջ կլուծվեն, սա վերջը չէ, սահմանամերձ համայնքների հարցը պարբերաբար պետք է լինի թե' կառավարության ուշադրության կենտրոնում, թե' ԱԺ քննարկման կենտրոնում»,- ասաց նա:
Նշենք, որ, կառավարության որոշմամբ, նախատեսվում է արտոնությունները սահմանել երեք տարի ժամկետով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկեց այդ ժամկետը հանել: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, դիմելով Վաչե Տերտերյանին, ասաց. «Ժամկետների հարցը, պարո'ն Տերտերյան, պետք է վերանայել»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նույնպես ընդգծեց ընդդիմության և կառավարության միջև համերաշխությունը և համաձայնությունը` ասելով. «Սա դասական երկխոսության օրինակ է, երբ քաղաքական ուժերը միասնական հայտարարի են գալիս հասարակության համար ամենակարևոր հարցերի շուրջ: Մենք ունենք համագործակցության մեծ փորձ և հեռանկար, և անհրաժեշտության դեպքում ընդդիմությունը կարողանում է համախմբվել իշխանությունների հետ»:
Վաչե Տերտերյանն իր խոսքում նշեց, որ պատգամավորները շատ արժեքավոր դիտողություններ են արել և շնորհակալություն հայտնեց այդ դիտողությունների ու առաջարկությունների համար: «Հնչեցին շատ արժեքավոր դիտողություններ ու առաջարկներ, որոնք մանրամասն կքննարկվեն: Երեք տարվա ժամկետի հետ կապված` ասեմ՝ եթե ժամկետ չդրվի, կնշանակի, որ միշտ այդպես է լինելու: Չնայած կարելի է ժամկետ չդնել և ինչ-որ պահի նորից խնդրին անդրադառնալ»,- ասաց նա: